Իլհամ Ալիեւ. «Վիենայի բանակցությունների արդյունքները հաջողված են»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկարատեւ լռությունից հետո, մեկնաբանելով մայիսի 16-ին Վիենայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, հայտարարել է, որ Վիենայի բանակցությունների արդյունքները «հաջողված են»: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այս մասին Ալիեւը հայտարարել է Հանրապետության օրվա առթիվ հրավիրված պաշտոնական ընդունելության ժամանակ:

«Վիենայի հանդիպումը հաջող էր: Մենք ակնկալում ենք, որ շուտով, ժամանակ չկորցնելով, կսկսվեն շատ լուրջ, ինչպես միջնորդներն են ասում` էական, այսինքն` բովանադակալից բանակցություններ», -ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության` ասել է Ալիեւը:

Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի ընդհանուր քաղաքականության հիմնական հարցը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է:

«Ադրբեջանի դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չկա», -նշել է նա եւ հավելել, որ հետագայում եւս «ամրապնդելու են երկրի ռազմական հզորությունը»:

Ներքին լսարանին ուղղված խոսքում Ալիեւը դարձյալ ասել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չի հանդիսանում»:

Ինչպես երեւում է` Ալիեւը վերջապես հասկացել է, որ իր երկրի տարածքային ամբողջականությունը բանակցություններում դիտարկվում է առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի:

Ալիեւը հանդես է եկել եւս մեկ զավեշտալի հայտարարությամբ, թե «հայերը, ինչպես ապրել են Լեռնային Ղարաբաղում, թող այդպես էլ ապրեն», կարծես, արցախցիները երբեւէ մեկից, այդ թվում` իրենից ԼՂՀ-ում ապրելու թույլտվություն են խնդրել:

Ալիեւը չի մոռացել խոսել նաեւ սեփական բանակի «հզորության» մասին` մոռանալով, որ ապրիլի սկզբին ադրբեջանական ռազմական ագրեսիային ԼՂՀ-ի զինված ուժերի արժանի հակահարվածի արդյունքում հենց իր այդ «հզոր բանակը» հրադադար խնդրեց:

Վիենայի բանակցություններից հետո ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվել էր, որ «Նախագահները վերահաստատել են հրադադարին եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաեւ համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալնե? ?ի փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո` հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները»:


Source: Yerkir Media
Link: Իլհամ Ալիեւ. «Վիենայի բանակցությունների արդյունքները հաջողված են»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image