Ծառուկյան դաշինքի պատգամավորության թեկնածուները ԿԸՀ են եկել պատգամավորական իրենց հասանելիք մանդատների հետեւից: ԿԸՀ-ին ինքնաբացարկ ներկայացնելու դիմումների մասին իմացել են մամուլից:
Ծառուկյան դաշինքի պատգամավորության թեկնածուները վստահեցնում են իրենք մանդատից հրաժարվելու դիմում չեն գրել, ստորագրել են այլ բովանդակությամբ փաստաթղթի տակ:
Ինչպես հայտնի է մանդատներից հրաժարվելու ամենամեծաթիվ դիմումները հենց Ծառուկյան դաշինքից էին: ԿԸՀ-ի տեղեկատվության համաձայն՝ ինքնաբացարկի դիմում էր հայտնել դաշինքի 23 պատգամավոր, որին հաջորդում էր ՀՀԿ-ն թվով 9 թեկնածու, հետո ՀՅԴ-ն՝ 3 թեկնածու: Ինչպես պարզվեց նիստի ընթացքում մանդատները վերցնելու պահանջով հանձնաժողով է դիմել Ծառուկյան դաշինքի 11 անդամ: Դիմումների բովանդակությունը գրեթե նույնն է:
11 թեկնածուների պահանջը քննելու համար ԿԸՀ կես ժամ ընդմիջում հայտարարեց: Վերադարձավ մոտ մեկ ժամից: Այս ընթացքում մանդատի հետեւից եկած պատգամավորի թեկնածուների թիվն ավելացավ եւս մեկով:
Վերջիվերջո հանձանձողովը որոշեց ամբողջությամբ բավարարել ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ինքնաբացարկի դիմումները: Ծառուկյան դաշինքի 11 պատգամավորներից մանդատ ստացան 8-ը: Նրանք ովքեր ռեյնտինգային եւ տարածքային ցուցակներում առաջատարն էին:
Այսպիսով նորընտիր խորհրդարանում ՀՀԿ-ն կունենա 58, Ծառուկյան դաշինքը 31, Ելք-ը 9-ը, ՀՅԴ-ն 7 մանդատ: Խորհրդարանը առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը կգումարի մայիսի 18-ին ժամը 10-ին:
Նիստից հետո Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ Ծառուկյան դաշինքի շուրջ ստեղծված խառնաշփոթին: Տեղեկացրեց դիմումները նոտարով են վավերացվել: Ավելի ուշ խնդրին անդրադարձավ Կենտրոնական նոտարական գրասենյակի նոտար, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստր՝ Աննա Աբրահամյանը: Նա բացատրել է, որ հաստատել է թեկնածուների ստորագրության իսկությունը: Մնացածի հետ կապ չունի:
Source: Yerkir Media
Link: Իրենց ինքնաբացարկից անտեղյակ թեկնածուներից 8-ը պատգամավորական մանդատ ստացան