«Լեզվի պետական տեսչությունը 5 տարի 0-ական արդյունքով տարեկան 67 միլիոն դրամ է ստացել». Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ անդրադարձել է Լեզվի պետական տեսչության աշխատանքին:

«Լեզվի պետական տեսչությունն այն հիմնարկներից է, որը հինգ տարի շարունակ զրոյին ձգտող արդյունքով ստացել է տարեկան 67 միլիոն դրամ։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հանրային միջոցների գերանարդյունավետ ծախսման մասին»,- նշել է նա և երկու լուսանկար հրապարարկել:

Նախարարի հայտարարությանն ավելի ուշ արձագանքել է Լեզվի պետական տեսչությունը, որի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Ի պատասխան ՀՀ ԿԳ նախարարի դիմատետրի (ֆեյսբուք) էջում արված` 18.05.2018 թ. գրառման: Առնվազն տարակուսելի է, որ նորանշանակ նախարարը, առանց ծանոթանալու Լեզվի պետական տեսչության աշխատանքներին, հրապարակավ հանդես է եկել նման հայտարարությամբ: Լեզվի պետական տեսչությունը տարեկան իրականացրել է վարչական իրավախախտման վերաբերյալ բազմաթիվ վարույթներ, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ Երևանում և մարզերում` հնարավոր իրավախախտումները նվազեցնելու նպատակով. լեզվական օրենսդրության պահանջների վերաբերյալ գրավոր իրազեկել է տնտեսավարողներին (2016-2018թթ. 900 իրազեկում), անցկացրել է լեզվավիճակի դիտարկումներ, շրջայցեր, ուսումնասիրություններ: Տեսչությունը սահմանված կարգով միայն 2017 թվականին պատասխանել է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական մարմինների` ավելի քան հազար հարյուր գրավոր ու բանավոր հարցումների, մշակել և շրջանառել է «Լեզվական քաղաքականության 2018-2023թթ. պետական ծրագ¬րի» ¬նախագիծը, կատարել է զանգվածային լրատվության միջոցների` մասնավորապես, հեռուստատեսության լեզվավիճակի ուսումնասիրություններ: Հավելենք, որ ՀՀ լեզվի պետական տեսչությունն իրապես կարող էր «100 տոկոսին ձգտող» արդյունք արձանագրել, ի լրումն վերոնշյալ աշխատանքների` կատարել նաև ստուգումներ, եթե նրա գործունեությունը, ի թիվս այլ տեսչությունների, վերջին տարիներին չարգելափակվեր ՀՀ Կառավարության` ստուգումները կասեցնելու վերաբերյալ երկու որո¬¬շումներով: Տեսչական բարեփոխումների հետևանքով առաջացած իրավիճակի մասին ժամանակին պաշտոնապես գրություններ են ներկայացվել ՀՀ նախկին վարչապետներ Տ. Սարգսյանին և Հ. Աբրահամյանին: Այսպիսով, Լեզվի պետական տեսչությունը բոլոր իրավիճակներում առավելագույնս պաշտպանել է լեզվի շահերը` գործելով համարձակ և աննահանջ, ինչն էլ անելու է այսուհետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Source: Yerkir Media
Link: «Լեզվի պետական տեսչությունը 5 տարի 0-ական արդյունքով տարեկան 67 միլիոն դրամ է ստացել». Արայիկ Հարությունյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image