«Լեոնտեւներն» աղմկում են, ապա՝ պարզաբանում

Վերջին օրերին հանրության շրջանում մեծ աղմուկ են բարձրացրել ռուսական «ԳլավՏեմա» («ГлавТема») հաղորդման ժամանակ լրագրող, «Ռոսնեֆտ» ընկերության փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի ու Միխայիլ Յուրեւի կողմից Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հնչեցրած գնահատականները:

«Հայաստանը բեռ է Ռուսաստանի համար: Մենք մեր արյամբ, փողերով, գազով ու զորքերով փրկել ենք այդ ժողովրդին: Եթե նրանք ուզում են թռչել՝ խնդրեմ, գնացեք, և բավական է մթագնեք մեր հարաբերությունները եղբայրական Ադրբեջանի հետ: Պետք չէ մեզ մատների վրա խաղացնել և ասել, որ մենք ձեզ դավաճանում ենք: Աստծու սիրուն՝ ում եք դուք պետք, աշխարհում մեզնից բացի դուք ոչ ոքի պետք չեք: Եթե դուք ինքներդ ձեզ պետք չեք և անխելք եք, գնացեք ու խորտակվեք…»,- մասնավորապես՝ այսպիսի գնահատականներ է հնչեցրել Լեոնտևը՝ իր խոսքում նաեւ հայհոյախանռն արտահայտություններ հնչեցնելով:

Իսկ Մ. Յուրեւը շատ ավելի հեռուն է գնացել՝ կոչ անելով արյան մեջ խեղդել Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները: «Ես կարծում եմ, որ հսկա գերտերությունը երբեք չպետք է տա այն, ինչն իրենն է: Այն հողը, որ իրենն է եղել, պետք է ընդմիշտ իրենը լինի: Եթե այդ երկրի ինչ-որ մասնիկներ անկախացել են, ապա դրանք հարկ է դիտարկել որպես ժամանակավորապես ապստամբած նահանգ, որ իրեն երևակայում են, և այստեղ ոչ մի տարակարծություն չկա: Դրանք բիզնես-ակտիվներ չեն, որ այսօր գնես, վաղը վաճառես: Ինչի՞ ենք ամաչում. Տեղի՞ ունեցավ ինչ-որ տեղ գունավոր հեղափոխություն՝ երկու գունդ իջեցրեք ու խեղդեք արյան մեջ, եթե իրենց համարձակությունը չի հերիքում, որ իրենք դա անեն: Ու չպետք է մտածել, թե ինչ կասի Արևմուտքն այդ գազանությունների վերաբերյալ, կամ հենց այդ ժողովուրդն ինչ կասի: Բռնությունը մի բան է, որ եթե անում ես, պետք է մի բան էլ ավելի անես: Եվ այդ դեպքում ոչ մի ընդդիմադիր ծպտուն էլ դուրս չի գա: Կես ճամփին կանգնել չի կարելի»:

Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ): Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, ու ՌՀՄ–ն խորապես վրդովված է Հայաստանի հասցեին հնչած անպատկառ և ցինիկ արտահայտությունների կապակցությամբ, հաղորդման մասնակիցներն ամենացինիկ ձևով վիրավորել են մի ամբողջ ժողովրդի։

ՌՀՄ–ի անունից համապատասխան հայցն արդեն փոխանցվել է ՌԴ նախագահին, «Կոմսոմոլսկայա պրադվայի» գլխավոր տնօրենին և դատախազությանը, և մենք հուսով ենք, որ նրանք պատշաճ ուշադրության կարժանացնեն այս հարցը։

Դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսատանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: «Միխայիլ Լեոնտեւին անձնապես ճանաչում եմ ավելի քան 20 տարի եւ մի ժամանակ նրան համարել եմ Անդրկովկասի հարցերում բավական տեղեկացված փորձագետ, բայց այն, ինչը նա դուրս է տվել այդ եթերի ընթացքում, կարելի է միայն որպես վտանգավոր սադրանք գնահատել՝ միաժամանակ բացարձակ անկրթության ակնհայտ դրսեւորումներով։ Ես խստագույնս դատապարտում եմ այդ արտահայտությունները, եւ խնդիրը միայն ձեւակերպումների մեջ չէ։ Սակայն, միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական եւ փորձագիտական հանրության պատկերացումների, առավել եւս՝ Հայաստանի համար եղբայրական Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման մասին չարժե եզրակացություններ անել մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով»,- նշվում է դեսպանի հայտարարության մեջ։

Դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել նաև «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ա. Ալավերդյանը եւ ողջ անձնակազմը: «Հարկ ենք համարում նշել, որ նման բնույթի սադրիչ հայտարարություններն անթույլատրելի են եւ բացասական ազդեցություն կարող են ունենալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ առավել եւս՝ մեր հեղինակության վրա:Դա իր սուբյեկտիվ կարծիքն է, եւ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ռուս ժողովրդի շահերից: Մենք կանենք համապատասխան հետեւություններ․ «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲ ընկերության ղեկավարության կողմից կնախաձեռնվի համապատասխան դիմում «ՆԿ «Ռոսնեֆտ» ՀԲ ընկերության ղեկավարությանը՝ կասկածի տակ առնելով Մ․ Լեոնտեւի մասնագիտական ունակությունների եւ հմտությունների համապատասխանությունը՝ ընկերությունում իր զբաղեցրած պաշտոնին, եւ համոզված ենք, որ կստանանք «ՆԿ «Ռոսնեֆտ» ՀԲ ընկերության ղեկավարության շուտափույթ արձագանքը, ասվում է հայտարարության մեջ»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Դեպքին արձագանքել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ հայտարարելով, որ  Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հանդիսանում են բացառապես Հայաստանի ու իր քաղաքացիների ներքին գործը, իսկ Հայաստանում ՌԴ դեսպանության դիրքորոշումները բխում են ոչ թե առանձին անձանց մասնավոր կարծիքներից, այլ` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դ.Պեսկովի, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից հնչեցված հայտարարություններից:

Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևն արձագանքել են իրենց արած հայտարարությունների առնչությամբ հնչող դատապարտող կոչերին: Լեոնտևի խոսքով՝ ինքը ցանկացել է նեղացնել հայ հասարակությանը, բայց ոչ վիրավորել։ «Հայ հասարակության առանձին ներկայացուցիչների նկատմամբ անձնական անբարյացակամ վերաբերմունքը չի նշանակում նմանատիպ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ։ Պարոն Փաշինյանի նկատմամբ նման անձնական անբարյացակամ վերաբերմունքը չի նշանակում նմանատիպ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես պարոն Նավալնու նկատմամբ անբարյացակամությունը չի նշանակում նմանատիպ վերաբերմունք ռուս ժողովրդի նկատմամբ։ Գլխավորը, որ ասվել է, սակայն անտեսվել մոնտաժված նյութերում, որոնք տարածվել են ինչ–որ հատուկ նպատակներում, հետևյալ բանաձևն է. «Հայաստանը ծանր բեռ է Ռուսաստանի համար»։ Եվ դա ճշմարիտ է։ Ռուսներն Անդրկովկաս են եկել բացառապես այն պատճառով, որպեսզի ֆիզիկական բնաջնջումից փրկեն հայ և վրացի քրիստոնեաներին»,- ասել է Լեոնտևը։

 

 

Source: Yerkir Media
Link: «Լեոնտեւներն» աղմկում են, ապա՝ պարզաբանում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image