2016թ. հունիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, երեկ առևանգված և ծեծի ենթարկված ԼՂ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի կնոջ` Դիաննա Մովսիսյանի հաղորդման հիման վրա ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը/ հիման վրա։
Այս մասին հաղորդում է ԼՂ ոստիկանությունը:
Դիաննա Մովսիսյանը հաղորդում է տվել այն մասին, որ երեկ՝ ժամը 12:00-ի սահմաններում, անհայտ անձինք առևանգել և բռնության են ենթարկել իր ամուսնուն` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին:
Ձևավորվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության` հատկապես կարևոր գործերով քննության բաժնի և նույն վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչները: Հանցագործության հասարակական լայն հնչեղությամբ պայմանավորված հանրությունը պարբերաբար կիրազեկվի նախաքննության ընթացքի մասին:
Tert.am-ի հետ զրույցում ԼՂ հասարակայնության և լրատվության աշխատակից Ֆելիքս Հարությունյանն ասաց, որ Հայկ Խանումյանի բոլոր հայտարարությունները «մանրակրկիտ ստուգվելու են»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրեն ծեծողներից 7-ին ճանաչում է:
Ինչպես նաև տեղեկացրել, թե «ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել», որը գրել և ստորագրել է, որ «երեկվա դեպքերը սխալ են եղել»:
Նա հավելել էր, որ «թղթի ստորագրումը և վիդեոն եղել է տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար», մանավանդ, որ արդեն կոտրված էին եղել` կողերը, քիթը, այտոսկրը:
Վիդեոն և թուղթն իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի առկայության դեպքում։
Հարցին, թե կան կասկածյալներ, նրանք հարցաքննվե՞լ են և կամ ուսումնասիրվել են «Արմենիա» հյուրանոցի մոտ տեղադրված տեսախցիկներն առևանգողների ու ծեծողների ճանաչելու համար, Ֆելիքս Հարությունյանը պատասխանեց` ասելով.«Ամեն ինչ մանրակրկիտ ստուգվում է, մանրամասներ չեմ կարող հաղորդել` ելնելով նախաքննության գաղտնիությունից»:
Source: Yerkir Media
Link: ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու փաստով քրեական գործ է հարուցվել