ԼՂՀ-ում աճել է անկախության կողմնակիցների, ինչպես նաեւ Հայաստանին միանալ ցանկացողների թիվը

Վերջին մեկ տարում Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության կողմնակիցների, ինչպես նաեւ Հայաստանին միանալ ցանկացողների թիվը: Այսպիսով մարտ ամսին Արցախի բնակչության 35 %-ն է եղել անկախության կողմնակից, հուլիսին՝ 48 %-ը: Մարտ ամսի տվյալներով Արցախը Հայաստանի կազմի մեջ է ուզում տեսնել բնակիչների 56.6 %-ը, հուլիս ամսին պատկերը փոխվում է՝ նվազելով մինչեւ 46.2 %-ի:  Ընդհանուր առմամբ անկախության կողմնակիցների , ինչպես նաեւ Հայաստանին միանալ ցանկացողների թիվը անցյալ տարվա համեմատ 91.7%-ից հասել է 95.1%-ի: Անկախության կողմնակից է 18-ից 30 տարեկանների 61.2% — ը եւ բարձրագույն կրթություն ստացածների 53.6%-ը:
Հետազոտությունն Ստեփանակերտում եւ ԼՂՀ 7 շրջաններում այս տարվա հուլիսին իրականացրել է «Այ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը՝ Արցախի արտգործանախարարության պատվերով: Արդյունքները համեմատվել են նախորդ տարի իրականացրած նույն սոցհարցման արդյունքների հետ:
Ավելի քան 2 նիշով աճել է նաեւ պաշտպանության եւ արտաքին քաղաքականության ոլորտներում կառավարության գործունեության հանդեպ հանրային դժգոհությունը: Միաժամանակ բնակչության 78,6%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը ճիշտ ուղու վրա է: Հարցվածների կեսից ավելիի համար առաջնային խնդիր շարունակում է մնալ խաղաղության եւ պատերազմի հիմնահարցը: Գործազրկության եւ ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրները համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերում են: Ի դեպ, շատ ցածր են արտագաղթի միտումները. տոկոսային հարաբերությամբ ամենացածրը՝ Հարավային Կովկասի երկրների հետ համեմատությամբ:
«Էյ Փի Էս Սի» ինստիտուտի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը Բրյուսելում նոյեմբերի 17-ին սոցհարցման արդյունքները ներկայացրել է եվրոպական դիվանագետների, լրագրողների եւ տարածաշրջանով զբաղվող միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը քաղաքականապես հասուն է, հատկապես Արցախի հանրապետության անկախության ճանաչման հարցում:
Ըստ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոն ի՝ չնայած ադրբեջանական ագրեսիային եւ իրավիճակն ապակայունացնելու փորձերին, Արցախի բնակչությունը պայքարում է խաղաղության համար՝ վստահելով ԵԱՀԿ Մինսկի կարգավորման գործընթացին եւ միջազգային հանրությանը:
«Որպես Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ՝ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես ԵՄ-ին, հուսախաբ չանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Պետք է շարունակել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալով, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, եւ զինադադարի նոր խախտումներն այլեւս անթույլատրելի են»,- ասել է Դիոգո Պինտոն:
Հարցումն իրականացվել է ապրիլյան քառօրյա պատերազմից կարճ ժամանակ անց:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image