Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացնում են, որ Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել Արագածոտնի մարզխորհրդի նիստին, որին մասնակցում էին համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմը, մարզային տարբեր կառույցների ներկայացուցիչները:
Նախարարին զեկուցվել է համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի, համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի մշակման, մարզային ներդրումային ծրագրերի, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների մասին:
Դավիթ Լոքյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել մարզպետին և համայնքների ղեկավարներին եւ ներկայացրել համայնքների զարգացմանն ուղղված կառավարության նոր տեսլականը.
«Ձեր մարզը եզակիներից է, որը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ իր սեփական եկամուտների 18 % պլանային աճ է ֆիքսել և դա ամրագրված է կառավարությունում: Տեղեկացնեմ, որ այն համայնքապետերը, ովքեր չարչարվում են և իրենց բյուջեներն ավելացնում են, որոնք ջանք են թափում, որ իրենց սեփական եկամուտները հավաքագրվեն, աշնանը ֆինանսավորման պարագայում ստանալու են լրացուցիչ միջոցներ: Համայնքների հետ աշխատանքում գործելու է «Ավելիին՝ ավելի» սկզբունքը»: Դավիթ Լոքյանն այս համատեքստում կարևորել է նաև այն օրենսդրական փոփոխությունները, որոնք արվելու են համայնքային բյուջեներն ավելացնելու համար: Նախարարը հորդորելէ համայնքների ղեկավարներին ակտիվացնել աշխատանքները և ներկայացնել նոր ծրագրեր:
Source: Yerkir Media
Link: Լոքյան. «Համայնքների հետ աշխատանքում գործելու է «Ավելիին՝ ավելի» սկզբունքը