Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Աջակցենք առաջնագծի զինվորներին» բարեգործական համերգը: Նախաձեռնությունը «Երեւանի ձայներ» կանանց երգչախմբինն է եւ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամինը:
Որպեսզի պարզապես դրամահավաք չկազմակերպեն, որոշել են այն զուգակցել համերգով: Հնչել են արեւմտա-եվրոպական եւ հայկական հոգեւոր եւ աշխարհիկ երգեր:
Համերգի մուտքն ազատ էր, փոխարենը հանդիսատեսն ունեցել է նվիրատվություն անելու հնարավորություն: Համերգի հասույթը կազմել է մոտ 350 հազար դրամ, եղել է նաեւ ավելի քան հազար դոլարի ներդում արտերկրից:
Մեր բոլորի միտքը, հոգին, սիրտն այժմ առաջնագծում են: Մենք մտածեցինք, որ մեր մեջ կուտակված ջերմությունը, մի բան անելու կամքը, ցանկությունը ճիշտ կլինի առարկայացնել կոնկրետ գործողությամբ»,-նշեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պողոսյանը:
Զինվոր չլինելու փաստը չի նշանակում զինվորի կողքին չլինել: Այդ պատճառով մենք մտածեցինք՝ ինչ կարող ենք անել, որ օգտակար լինի զինվորին: Նախաձեռնեցինք այս բարեգործական համերգի գաղափարը, որպեսզի ցանկացած հայ իր պարտքը կատարի, մի փոքր լումայով օգնի առաջնագծի զինվորին»,- ասաց «Երեւանի ձայներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Հասմիկ Վարդանյանը:
Source: Yerkir Media
Link: Կայացավ «Աջակցենք առաջնագծի զինվորներին» բարեգործական համերգը