Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Կոտայքի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները:
Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները և մակրոտնտեսական ցուցանիշները` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 7 տոկոս: Համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է շուրջ 138 մլրդ 485 մլն ՀՀ դրամ, իսկ համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ շուրջ 61 մլրդ 300 մլն ՀՀ դրամ:
Վարչապետի հանձնարարականով կառավարություն է ներկայացվել 16 ներդրումային ծրագիր՝ 9 մլրդ 100 մլն ՀՀ դրամի չափով: ՀՀ կառավարության հավանությանն արժանացել է 11 ծրագիր՝ 7 մլրդ 600 մլն ՀՀ դրամ արժեքով, որից ընթացքի մեջ է «Գրին Ֆարմեր» ՓԲԸ-ի կողմից Հրազդան համայնքում ջերմոցային տնտեսության կառուցման ծրագիրը, իսկ 10 ծրագիր գտնվում է քննարկման փուլում:
Վարչապետը կարևորել է յուրաքանչյուր մարզի զարգացման ծրագրում նաև աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման և բիզնես միջավայրի բարելավման հստակ ցուցանիշների ամրագրումը: Անդրադառնալով համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է.
«Մեր վերլուծության համաձայն՝ հանրապետությունում սեփական եկամուտների հավաքագրման առումով բավական մեծ բաց ունենք: Համայնքների խոշորացման արդյունքում այդ խնդիրն ակտուալ է դառնում, քանի որ համայնքները պետք է լրացուցիչ միջոցներ ունենան: Մենք նաև ունենք վերլուծություն, թե ինչ ձևով են բաշխվում սեփական եկամուտները: Պետք է գանք մի բանաձևի, թե ինչպիսին պետք է լինեն համայնքների հաստատուն ծախսերը, և ինչպես կառավարվեն ֆինանսական հոսքերը, որպեսզի գերծախսեր չունենան այնտեղ, որտեղ դա անթույլատրելի է: Մենք պետք է սեփական բյուջեի ծախսերի մեջ որոշակի կանոններ և խոշորացված համայնքներում բյուջեի կառավարման մշակույթ ներդնենք»:
Source: Yerkir Media
Link: Կարեն Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզում