Կոնստանտին Զատուլին. «Արցախը ծաղկում է, չնայած բոլոր ռազմական գործողություններին»

Ռուս հայտնի վերլուծաբան, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստատին Զատուլինն Արցախում ընդամենը երկու հարցի է միշտ դժվարանում պատասխանել՝ քանի՞ անգամ է այստեղ հասցրել լինել եւ այդ այցերի ընթացքում քանի՞ բաժակ թթի օղի է փորձել: Չի մոռանում սակայն, երբ առաջին անգամ ոտք դրեց Արցախ՝ մեկընդմիշտ սիրահարվեց այստեղ ապրող մարդկանց:

«Շատ լավ եմ հիշում, առաջին անգամ ես այստեղ եկա 1994 թվականին: Եկանք այն ժամանակ Հայասատանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, հենց այն ժամանակ, երբ դադարեցվել էին ռազմական գործողությունները եւ կրակի դադարեցման համաձայնագիր էր ստորագրվել»,- ասում է  Զատուլինը:

Արցախում է՝ հասկանալու, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, խախտվեց 20 տարի, իհարկե խախտումներով, բայց պահպանվող հրադադարի ռեժիմը: Այցի օրերին Զատուլինն Արցախից տպավորություններ է հավաքում՝ Ռուսաստանում ներկայացնելու համար։

«Ամենակարեւոր տպավորությունն այն է, որ Արցախն ապրում է, որ չնայած բոլոր ռազմական գործողություններին, ծաղկում է, տեսնում ենք, որ նոր շինություններ են կառուցվում, նախորդ անգամ, որ եկա այդ շենքերը դեռ չէին կառուցվել»,- նշում է Զատուլինը:

Ասում է՝ իհարկե, այս ամենն ուրախացնում է, բայց տագնապը դեռ կա, որը բոլորին է անհանգստացնում:

«Մենք Ռուսաստանում եւս չենք ուզում, որ ռազմական գործողություններ սկսվեն, ուզում ենք հարցը լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասում է Զատուլինը:

Կոնստատին Զատուլինն արցախցիներին հասցրել է լավ ճանաչել: Վստահ է՝ այստեղ ապրողները խաղաղություն են ուզում, բայց ցանկացած հակառակորդի ոտնձգության դեպքում պատրաստ են զենք վերցնել եւ պաշտպանել իրենց հայրենիքը:

Զատուլինի հետ հարցազրույցը պատահաբար ստացվեց, նույն պատահականությամբ էլ նկատեցինք Վերածննդի հրապարակում զբոսնող Արցախի հանրապետության նախագահին՝ ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամներ, Հայաստանի կառավարության անդամներ Դավիթ Լոքյանի եւ Լեւոն Մկրտչյանի հետ: Բակո Սահակյանը չցանկացավ հարցազրույց տալ։ Նա իր խոսքն օրերս արդեն ասել էր։ Դեռ նախօրեին Արացխի մարտական հենակետերում կամավորությունն իրականացնող իրենց կուսակցական ընկերներին հանդիպած նախարարներն ավելի պատրաստակամ էին:

Ի դեպ, այս օրերին Արցախը հյուրերի պակաս չունի: Չնայած հակառակորդի սպառնալիքներին՝ շատերն են մայիսի 9-ը պատրաստվում տոնել այնտեղ, որտեղ 24 տարի առաջ այս օրերին գրվում էր Արցախի պատմության ամենահերոսական էջերից մեկը:


Source: Yerkir Media
Link: Կոնստանտին Զատուլին. «Արցախը ծաղկում է, չնայած բոլոր ռազմական գործողություններին»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image