Կստեղծվի մեկ` բնապահպանական նախարարության տեսչական մարմին
April 26, 2017
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստեղծելու, տեսչական մարմնի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ անելու մասին հարցը:
Ըստ հիմնավորման, կառավարությունը ստանձնել է երկրում տեսչական բարեփոխումների իրականացումը, որի նպատակն է առավել արդյունավետ տեսչական համակարգի հիմնումը և դրանով իսկ գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Անհրաժեշտություն է առաջացել լուծարել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչությունը և օրենքին համապատասխան ստեղծել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Նորաստեղծ տեսչական մարմնում կներդրվի կոլեգիալ կառավարման նոր համակարգ: Մարմնի գործունեության թափանցիկության ապահովման համար կձևավորվեն պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից բաղկացած կառավարման խորհուրդ, որի լիազորությունները կսահմանափակվեն հիմնականում ռազմավարական խնդիրների ու դրանց իրագործմանն ուղղված նպատակների սահմանմամբ և որոշումների կայացմամբ՝ ստուգումների տարեկան ծրագրերի, հաշվետվությունների, ստուգումների ուղեցույցների հաստատում, ռազմավարական խնդիրների իրագործմանն ուղղված տեսչական մարմնի գործունեության նպատակների սահմանում, կատարողականի ցուցանիշների սահմանում և կառավարում: