Ղարաբաղյան թեմա եւ Ընտրական օրենսգիրք. խորհրդարանական քառօրյայի ընթացքում քննարկված այս թեմաներն առանցքային են եղել նաեւ այսօրվա ճեպազրույցներում: Սրանք արդիական են լինելու առաջիկա ամիսներին եւս՝ պայմանավորված հակամարտության կարգավորմամբ եւ Ընտրական օրենսգիրքը մինչեւ հունիսի 1-ը ընդունելու վերջնաժամկետով:
Պատգամավորներն այսօր խոսել են նաեւ ընտրակաշառքի մասին: Բոլորը ընտրակաշառք բաժանելուն դեմ են, բայց բոլոր ընտրություններում ընտրակաշառքը բաժանվում է:
ՕԵԿ-ը նախընտրական մուրաբաներ չի բաժանել, բայց նվերներ Նոր տարուն ու մարտի 8-ին իր կուսակիցներին նվիրել է:
«Էլի ենք նվիրելու,- ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը,- դա ընտրակաշառք չէ։ Մենք ընտրակաշառք չենք բաժանել, ովքեր որ բաժանում են, նրանք պետք է պատասխան տան: Ես սա ասում եմ՝ ձեր աչքերի մեջ նայելով»։
2017-ի ընտրություններից առաջ ընտրակաշառք չբաժանելու շուրջ համաձայնագիր ստորագրելու մասին նախօրեին հայտարարել էր Աղվան Վարդանյանը՝ ՀՅԴ-ից: ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն դրան կմիանան, բայց ասացին՝ ավելի կարեւոր է, որ ընտրակաշառքը օրենքով բացառվի: ՀՀԿ-ն եւս դեմ չէ. խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնիսկ հայտարարեց՝ ընտրակաշառքը բացառելու համար պետք է, որ քաղաքական ուժերը քաղաքական կամք դրսեւորեն: ՀԱԿ-ն ընդդեմ ընտրակաշառքի նախաձեռնությանը չի միանա: Զուրաբյանն այսօր ասելիք ուներ թե´ իշխանությանը, թե´ ընդդիմությանը:
Մեծամասնությանն ասաց՝ սթափվեք, աճպարարության ժամը չէ. նկատի ուներ Ընտրական օրենսգրքի երեկվա քվեարկությունը
«Կանոնակարգի կոպիտ խախտւմ տեղի ունեցավ: Դա աճպարարություն էր: Այս օրերին ամենակարեւորը միասնականությունն է, իսկ այսպես միասնականություն չեն պահպանում»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Ընդդիմությանն էլ Զուրաբյանը հորդորեց իրար խնայել ու քննադատել միայն իշխանությանը։ Ըստ նրա՝ իրական ընդդդիմությունը միայն դա է:
Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության հետ համաձայնության գալու հույսը Զուրաբյանը դեռ չի կորցրել, ասում է՝ մի´ շտապեք կոնսենսուսը թաղել:
Վահրամ Բաղդասարյանը երեկվա քվեարկությամբ այդ կոնսենսուսն արդեն տեսել է.
«98 կողմ ձայնով, կարծեմ, ընդունվեց: Սա ինքնըստինքյան նշանակում է, որ արդեն կա կոնսենսուս»:
Source: Yerkir Media
Link: ՀԱԿ-ն ընդդեմ ընտրակաշառքի նախաձեռնությանը չի միանա