ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկությունների մասին՝ ասաց, որ իր համար նորություն չէ, որ «Ելք»-ից որոշ գործիչներ և կոնկրետ «Լուսավոր Հայաստանն» իր քաղաքական պլատֆորում չեն ողջունում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը:
«Դա իրենց խնդիրն է, և պետք է նշեմ, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը լոկ քաղաքական որոշում չէ, դա ամրագրված է հստակ տնտեսական հաշվարկներով: Երբ մենք որոշում էինք կայացրել՝ հստակ հաշվարկներ ենք արել և դրանք եղել են ի օգուտ Հայաստանի, թե ի՞նչ կշահի գյուղացին, ի՞նչ է շահում դրանից տուրիզմը: Մենք միացել ենք 170 միլիոնանոց շուկային»,- ընդգծեց Շարմազանովը՝ ավելացնելով, որ անդամակցությունից ՀՀ-ի պատրաստի արտադրանքի ծավալների աճ է ապահովվել, զբոսաշրջիկների թիվն է ավելացել ԵԱՏՄ անդամ երկրների շնորհիվ, այդ թվում՝ նաև դեպի Արցախի Հանրապետություն:
«Սա նոր ներդրողներ ներգրավելու շատ լավ ակումբ է, որովհետև մեկ այլ բան է, որ ներդրողը 3 միլիոնանոց շուկայում է, լրիվ այլ բան է, որ ներդրողը 170 մլն շուկայում է: Իհարկե, կան խնդիրներ, իսկ ո՞ր միությունում չկան խնդիրներ՝ ԵՄ-ում չկա՞ն, ՆԱՏO-ում չկա՞ն»,- հարց ուղղեց Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցության օգտին միայն ՀՀԿ-ն չէ քվեարկել: «Սա եզակի հարցերից է, որ խորհրդարանական մեծամասնությունն է կողմ քվեարկել, ընդ որում՝ նաև ընդդիմադիր պատգամավորներից: ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր անողները գյուղացիներին հարցրե՞լ են, քաղաքացիներին հարցրե՞լ են, թե ինչքան վնասներ են նրանք կրելու: Գազի գինը մի քանի անգամ նվազել է»,- ասաց նա:
Source: Yerkir Media
Link: «Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար». Շարմազանով