Հայաստանը պետք է միջազգային ասպարեզում ունենա էկո երկրի իմիջ. վարչապետ
August 11, 2018
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամասում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել արտադրամասում՝ ծանոթացել բանվորական ձեռնոցների արտադրության գործընթացին:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Լուսաձոր համայնքում գործող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի ծրագրով ստեղծված անասնապահական ֆերմա: Այն ունի բարձր կաթնատվությամբ 200 գլուխ կով: Ստացված կաթից արտադրվում են ֆրանսիական պանրի տարբեր տեսակներ. արտադրանքի հիմնական մասն արտահանվում է ռուսական շուկա: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ տարեկան ֆերմայում կատարվում է 800 հազար եվրոյի ներդրում: Միաժամանակ, նրանք նշել են, որ հարակից համայնքների գյուղացիական տնտեսություններից ևս կատարում են կաթի մթերումներ և ձեռք բերում անասնակեր:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Տավուշի մարզում թեթև արդյունաբերության և ֆերմերային տնտեսությունների զարգացումը՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել բիզնես ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ հաշվի առնելով էկոլոգիապես մաքուր սննդի արտադրությունը մեր երկրում, Հայաստանը պետք է միջազգային ասպարեզում ունենա էկո երկրի իմիջ:
Վարչապետը հույս է հայտնել, որ վերը նշված ընկերություններն առաջիկայում իրենց արտադրություններով կհասնեն արդյունաբերական ծավալների և կստեղծեն նոր աշխատատեղեր: