Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը դիտարկում է մի շարք այլընտրանքային տարբերակներ։
Խոսքը, մասնավորապես, արեւային ֆոտովոլտային պանելների եւ ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ, ՀՀ վարչապետի հանձնարականի շրջանակներում ներկայումս յուրաքանչյուր համայնքի մասով իրականացվում են նախնական հաշվարկներ՝ կապված ինչպես գազիֆիկացման ծախսերի, այնպես էլ այլընտրանքային տարբերակների կիրառման հնարավորության հետ։
Նախատեսվում է մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը յուրաքանչյուր համայնքի համար ներկայացնել կոնկրետ առաջարկ։
Հիշեցնենք, որ Հայաստանի 329 համայնք գազիֆիկացված չէ։ Խոսքը 150 հազար մարդու կամ երկրի բնակչության 5 տոկոսի մասին է։