Հայտնի է Կոլումբիայում ավիաաղետի զոհերի թիվը

Կոլումբիայում բրազիլացի ֆուտբոլիստների տեղափոխող ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվել է ոչ թե 75, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, այլ 71 մարդ: Այդ մասին հայտնել է Ondo Cero ռադիոկայանի կայքը՝ վկայակոչելով Կոլումբիայի աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Կարլոս Իվան Մարկեսին:

«Որոնողափրկարարական գործողությունն ավարտված է, արդյունքները հետեւյալն են՝ տուժել է վեց մարդ եւ զոհվել՝  71 հոգի, ընդհանուր առմամբ ստացվում է  77 մարդ»,- ասել է նա: Պարզվել է, որ վերջին պահին չորս ուղեւորներ հրաժարվել են թռիչքից:

Ավիաաղետից փրկվել են երեք ֆուտբոլիստներ՝ Ալան Ռուշելը, Ջեքսոն Ֆոլմանը եւ Հելիո Սամպիեռ Նետոն, բորտուղեկցորդ Հիմենա Սուարեսը, լրագրող Ռաֆայել Հենցելը եւ ավիատեխնիկ Էրվին Տումերին: Ֆուտբոլիստներից եւս մեկը՝ Մարկոս Դանիլոն, որին ողջ էին գտել, ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավում եղել է 81 մարդ՝ 72 ուղեւոր եւ անձնակազմի ինն անդամ:

Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով՝ կործանված օդանավում եղել են «Շապեկոենսե»-ի 22 խաղացողներ, ակումբի ղեկավարության 28 անդամներ, մարզիչներ եւ հատուկ հրավիրյալներ, ինչպես նաեւ 22 լրագրողներ եւ ինքնաթիռի անձնակազմի ինն անդամներ:

Օդանավը, որը մեկնել էր Բոլիվիայից եւ պատկանում էր Lamia բոլիվիական ավիափոխադրողին, կործանվել է Կոլումբիայի Անտիոկիայի դեպարտամենտի Լա Ունիոն մունիցիպիայից ոչ հեռու՝ Էլ Գորդո բնակավայրի շրջանում: «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմն ուղեւորվել Էր Մեդելյին՝ հարավամերիկյան գավաթի շրջանակներում մասնակցելու «Ատլետիկո նասիոնալ» տեղական ակումբի հետ մրցախաղին:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը նոյեմբերի 29-ից եռօրյա սուգ է հայտարարել Կոլումբիայի Մեդելյին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին: Բացի այդ, Տեմերը կարգադրել է ամեն տեսակ աջակցություն ցույց տալ ավիաաղետից զոհված բրազիլացիների հարազատներին:


Source: Yerkir Media
Link: Հայտնի է Կոլումբիայում ավիաաղետի զոհերի թիվը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image