Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը՝ սեպտեմբերին

June 8, 2017

Սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի հերթական նիստը, որը վարել է «Ազդակ» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը: Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, նիստին մասնակցել են Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, «Հայկական ՓիԱր ասոցիացա» ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, նախարարության աշխատակիցներ:

Նիստին հեռակապով միացել են  «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը (Չեխիա), «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը (Լիբանան), «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը (Իրան), «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա), «Նոյեվ Կովչեգ» համառուստանյան հայկական ամսաթերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանը, «Արմենիա» օրաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Ռուբեն Գազանճյանը (Արգենտինա):

Մասնակիցները նիստի մեկնարկին իրենց մտահոգությունն են հայտնել երեկ Իրանում իրականացված ահաբեկչական գործողությունների  կապակցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին գործուն աջակցության համար և շնորհավորել «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանին «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրվելու առթիվ:

Այնուհետև ներկաները քննարկել են 2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի լուսաբանման հետ կապված մի շարք հարցեր: ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը ներկայացրել է Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի լուսաբանման ծրագիրը, որի վերաբերյալ հնչեցին առաջարկություններ և դիտարկումներ: «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը կարևորել է համաժողովի ուղիղ հեռարձակումը օնլայն հարթակներում ևս:

Մասնակիցներն անդրադարձել են նաև Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին օտար լրատվամիջոցներում աշխատող հայազգի լրագրողների մասնակցության խնդրին:

Նիստի ընթացքում կարևորվել է համահայկական հիմնախնդիրների ներկայացումը տեղեկատվական հարթակում: «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը մասնավորապես նշել է. «Պետք է ավելի զարգացնել պետականակենտրոն մտածողությունը հայաստանյան և Սփյուռքի լրատվամիջոցների և լրագրողների շրջանակներում, և լրատվությունը ծառայեցնել նախևառաջ Հայրենիքի բարօրությանը»:

Մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները, որոնք կնպաստեն Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ամբողջական և համապարփակ լուսաբանման կազմակերպմանը:

Նիստի ավարտին քննարկվել են ընթացիկ հարցեր

Source: Yerkir Media
Link: Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը՝ սեպտեմբերին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image