Հանրապետության հրապարկում հնչեց խաղաղության աղոթք եւ տեղի ունեցավ հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող արարողություն

June 25, 2016

Երեւանում, Հանրապետության հրապարկում, տեղի ունեցավ էկումենիկ արարողություն եւ հնչեց խաղաղության աղոթք՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիսապետությամբ:

Երևան քաղաքի բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջներից հետո սկսվեց արարողությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, արարողությանը մասնակցում էին Հայոց Եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից։

Հավաքվածներին եւ ողջ հայ ժողովրդին ուղերձով դիմեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հռոմի Սրբազան Քահանայապետը։

Ապա տեղի ունեցավ մի ուշագրավ արարողություն, որից հետո Հռոմի պապին փոխանցվեց խորհրդանշական նվեր՝ Նոյյան Տապանի մանրակերտը:

Նոյյան Տապանը, որ իջավ  Արարատի գագաթին, մնայուն խորհրդանիշն է մարդկության փրկության ու վերածննդի: Վերջին տարիներին այսպիսի փրկության տապան եղավ նաև Հայաստանը՝ Մերձավոր Արևելքից փախստական դարձած  հազարավոր ընտանիքների համար, ովքեր շառավիղներն են Հայոց Ցեղասպանությունից հրաշքով փրկված հայերի:

Ուստի հայկական պատմական նահանգների ավանդական զգեստներով տասներկու երեխաները երկու հովվապետերին օրհնության համար մատուցեցին իրենց երկներից բերված հողը և ջուրը: Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իսրայելից, Հորդանանից, Քուվեյթից, Իրանից ժամանած հայորդիները օրհնված հողը լցրեցին տապանի մանրակերտի մեջ, որի մեջ հետո տնկվեց հայկական խաղողի տունկը:

Ի դեպ, երեխաների խմբի վերջին զույգը Հայաստանից է: Նրանք խորհրդանշում էին հայ ժողովրդի վերածնունդն իր պատմական հայրենիքի այս հատվածում:

Վեհափառն ու պապը սափորի ջրով ջրեցին խաղողի վազը:

Մինչ արարողությունը եւ դրանից հետո եւս Հանրապետության հրապարակում հնչեցին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի և Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումի կատարումները:


Source: Yerkir Media
Link: Հանրապետության հրապարկում հնչեց խաղաղության աղոթք եւ տեղի ունեցավ հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող արարողություն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image