ՀՅԴ-ն այն եզակի քաղաքական ուժն է, որը հաղթած է գնում այս ընտրություններին

Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՅ Դաշնակցությունը գումարել է հանդիսավոր հավաք՝ ազդարարելով քարոզարշավի մեկնարկը:

ՀՅԴ համամասնական ցուցակի 3 հորիզոնականը զբաղեցնող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իր ելույթում նշեց, որ ՀՅԴ-ն այն եզակի քաղաքական ուժն է, որը հաղթած է գնում այս ընտրություններին:

«Հաղթում են ոչ թե մանդատներով, այլ գաղափարներով: 25 տարի մենք մեր երկրում համառորեն պայքարել ենք, որ երկրում փոփոխություններ կատարվեն կառավարման ոլորտում: Նույն համառությամբ կուզենամ, որ դաշնակցությունը ձեռնամուխ լինի տնտեսական ոլորտում պայքարի մեջ, պայքար, որը կտանի երկրի ՀՆԱ-ի աճին, բնակչության  բարեկեցության ավելացման և ամենակարևորը` ներքին համերաշխության ապահովմանը: Ոչ մի երկրում ներքին համերաշխություն գոյություն ունենալ չի կարող, եթե կա եկամուտների լուրջ անհավասարություն»,- ասաց Դավիթ Լոքյանը` հավելելով, որ իրենց նպատակն է երկրի տնտեսությունը ուժեղացնել:

Ըստ Լոքյանի` մի բան կարելի է ֆիքսել. վերջին ամիսների ընթացքում երկիրը որդեգրել է մի ուղղություն, որը իրավամբ կարելի է համարել  դաշնակցության տնտեսական հիմնաքարերից մեկը: Բոլորին էլ պարզ է, որ մասնավոր հատվածը լավագույն կառավարիչն է այնպիսի տնտեսություն ունեցող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է: Անհրաժեշտ է որ տնտեսական խնդիրները լուծվեն փուլային տարբերակով, քանի որ չի կարող փոքր շուկա, երեք միլիոն բնակչություն ունեցող երկրում շուկայական հարաբերությունները բերեն ՀՆԱ-ի մեծ աճի: Եվ, ըստ Լոքյանի` վերջին ամիսների ընթացքում պետությունը ուղղակիորեն մասնակցություն է ցուցաբերում մի շարք ծրագրերում, որոնց թիվը հասնում է մի քանի հարյուրի:

Երկրում խիստ խնդրահարույց է մնում դրամավարկային քաղաքականությունը: Լոքյանի խոսքով, չի կարող երկիրը արագ տեմպերով զարգացում ապրել, եթե չեն կարգավորելու բանկային համակարգը, որն այսօր աշխատում է ազատ շուկայական տրամաբանությամբ: Գոյություն ունի դրամական միջոցների պակաս, ահա ինչու վարկային տոկոսները շատ բարձր են: Բայց այդ բարձր տոկոսներով  հնարավոր չէ երկրում տնտեսություն խթանել, գործարարությամբ զբաղվել, աշխատատեղեր ստեղծել: Եվ բանկային համակարգը կարգավորելը Դաշնակցության տնտեսական ծրագրի առանցքային մասն է, որպեսզի այն մարդիկ, որոնք կարող են ձեռնարկատիրությամբ զբաղվել, կարողանան էժան միջոցներ ունենալ ու տնտեսություն վարել:

«Առաջիկա հինգ տարիներին 5 և ավելի տոկոսի հասնող տնտեսական աճ կունենանք, որը իր հետևից պետք է բերի եկամուտների մեծացում, ձեռնարկությունների համար հավելյալ արժեք, ինչն էլ երկիրը ավելի բարեկեցիկ կդարձնի»,- ասաց Լոքյանը: Նրա համոզմամբ` պետությունն իր կարգավորիչ դերակատարումը պետք է ունենա տնտեսության մի քանի հարցերում, օրինակ` գյուղատնտեսության սուբսիդավորման գործում, որպեսզի Հայաստանը կարողանա մրցակցել իր հարևանների հետ տնտեսական հարաբերություններում:

«Օրինակ` Վրաստանում մեկ հեկտարի համար բնակիչները կարողանում են ստանալ մինչև 350 դոլարի օժանդակություն պետությունից: Մեր նպատակներից մեկը պետք է դառնա այս ցուցանիշին հասնելը: Տնտեսական քաղաքականությունը պետք է բերի արդյունք սոցիալական ոլորտի համար, մասնավորապես առողջապահական ոլորտում: Պետք է կարողանանք այս ոլորտում շատ արագ ներդնենք պետական ու մասնավոր ապահովագրությունը: Պետությունը ինքը պետք է դառնա հիմնական ապահովագրողը ոչ բարենպաստ պայմաններում ապրող բնակիչների համար: Ներմուծման  կամ ծառայությունների ոլորտում գործող ձեռնարկություններն էլ պետք է դառնան իրենց աշխատակիցների համար կորպորատիվ գործընկերներ` իրականացնելով այդ ապահովագրությունը»,- ասաց Դավիթ Լոքյանը:

Նա վերջում ամփոփելով իր խոսքը` նշեց, որ չի կարող երկրում ներդրումների հոսք լինել, եթե Սփյուռքին չեն ներառում տնտեսության զարգացման գործում: Ըստ Լոքյանի` Սփյուռքը չի կարող միայն դոնոր լինել հիմնադրամների համար, գումար վճարելով: Սփյուռքը մարմին է, որն ուզում է ուղղակիորեն մասնակցություն ունենալ Հայաստանի տնտեսական կյանքին, ուստի Հայաստանը պետք է ամեն ինչ անի Սփյուռքի ներուժը օգտագործելու համար: Լոքյանի խոսքով Չինաստանը, Չիլին, Հնդկաստանը խելամտորեն են օգտագործել Սփյուռքի ներուժը և հաջողել են:

Source: Yerkir Media
Link: ՀՅԴ-ն այն եզակի քաղաքական ուժն է, որը հաղթած է գնում այս ընտրություններին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image