Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը հիացած է հայաստանյան գեղատեսիլ վայրերով: Երեւանի պետական բժշկական համալսարանի հրավերով այս օրերին Հայաստանում գտնվող Դինա Մայրեդը, ով նաեւ Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (Union of International Cancer Control) նորանշանակ նախագահն է, այցելել էր Գառնի, Գեղարդ: Բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նա սկզբում այցելեց Գեղարդի վանք, ապա Գառնու տաճար, համտեսեց հայկական լավաշ ու պանիր, լսեց հայկական երաժշտություն: Հայաստանի մասին անընդմեջ թարմ տեղեկությամբ հագեցած օրվա ավարտին Հորդանանի արքայադուստրը, ամփոփելով օրը, փաստեց, որ պարզապես աննկարագրելի է, թե ինչքան տպավորված է այս այցից: Թեպետ նա դրական է գնահատում Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի մակարդակը, բայց միեւնույն ժամանակ նշեց՝ դեռ բարելավելու տեղ կա:
«Ասեմ, որ իսկապես շատ կրթված բժշկական անձնակազմ կա, ընդհանուր հարմարություններ, բայց այստեղ ենք Հայաստանին աջակցելու` ոլորտում էլ ավելի առաջ գնալու համար, եւ այստեղ կա այդ հիմքը: Մեր համագործակցությունը, իհարկե, շարունակվելու է, սակայն մի հարց կա, որում ես եւ բուհի ռեկտորը համակարծիք ենք. Հայաստանը պետք է պայքարի ծխախոտի դեմ: Ծխախոտի ինդուստրիան, որում մարդկանց առողջության հաշվին գումար են աշխատում, զարգացնում է շատ վատ ճանապարհներ, որոնցով հնարավորինս ընդլայնում է սպառողների քանակը: Նրանք թիրախավորում են երիտասարդներին, դարձնում նրանց ցկյանս ծխախոտի սպառողներ: Մեր երկրում նույնպես դեռ մեծ աշխատանք կա տանելու այս ուղղությամբ, Հայաստանում՝ նույնպես, հակառակ դեպքում ապագայում ոչ մի առողջապահության նախարարություն չի կարողանալու պայքարել ծխախոտի հետեւանքով առաջացած հիվանդությունների դեմ», ասաց Հորդանանի Արքայադուստրը՝ առաջարկելով մշակել ծխախոտի կանխարգելման ուղիներ:
Source: Yerkir Media
Link: Հորդանանի արքայադուստր. «Հայաստանը պետք է պայքարի ծխախոտի դեմ»