Հայաստանցիների համար 2017-ին զբոսաշրջության հիմնական ուղղություններ են շարունակում մնալ Հունաստանը, Վրաստանը, Եգիպտոսը, նաև Բուլղարիան: Այս մասին են փաստում Հայաստանի տուրիստական գործակալություններն ու Զբոսաշրջության պետական կոմիտեն: Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ զբոսաշրջության մեկնողների թիվը Հայաստանում 2017-ի առաջին եռամսյակին աճել է 17,1 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 266 հազար 324:
«Հայաստանցիները նախընտրում են ծովային հանգիստ առաջարկող երկրները: Վերջին մի քանի տարիների ցուցանիշներով՝ հիմնականում մեկնում են Վրաստան, ինչը պայմանավորված է մոտ լինելով ու մատչելիությամբ, Բուլղարիա, սևծովյան և միջերկրածովյան, ինչպես նաև էկզոտիկ երկրներ: Մեծ թիվ են կազմել նաև Եգիպտոս մեկնողները, սակայն վերջերս քաղաքական իրավիճակի հետ կապված հոսքը նվազել է»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:
Հունաստանից և Եգիպտոսից հետո մեկնողների մեծ հոսք կա նաև եվրոպական երկրներ, նախընտրելի տարբերակներ են նաև էմիրությունները, Կիպրոսը:
Հայաստանցիները խմբային տուրերով սկսել են մեկնել նաև Հնդկաստան և Շրի Լանկա:
2016թ-ին Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 262 հազար, ինչը 2015-ի համեմատ աճել է 6,3 տոկոսով:
Source: Yerkir Media
Link: Հունաստանը, Վրաստանը և Եգիպտոսը հայաստանցիների զբոսաշրջային հիմնական ուղղություններն են