Հրաձգության հետեւանքով զինված խմբի անդամներից երկուսը վիրավորվել են

July 26, 2016

Հուլիսի 25-ի երեկոյան, ժամը 20.00-ից մինչեւ կեսգիշերն ընկած ժամանակահատվածում, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս, փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել եւս երկու ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ։
Ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ»մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։

Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք։

Իրավապահները անմիջապես բուժօգնություն են կանչել եւ առաջարկել վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, ինչին զինված խմբի անդամները համաձայնել են։ Ներկայումս երկու վիրավորներն էլ գտնվում են հիվանդանոցում եւ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։Վիրավորված անձինք են՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք նաեւ, որ ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանն» էր տարածել «Սասնա ծռեր» խմբի հաղորդագրությունը, որում ասվում էր, որ գիշերը, ժամը 2-ի սահմաններում, տարածքին հարակից ոստիկանական պատնեշից կրակ են բացել, որի հետեւանքով ոտքերից վիրավորվել են խմբի երկու անդամները։

Խումբը հայտնել է նաեւ մեկ այլ միջադեպի մասին։ Առավոտյան, ժամը 7-ի սահմաններում, Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ՊՊԾ տարածքի մուտքի մոտ։ Ոստիկանները կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա, սակայն նա վնասվածքներ չի ստացել։

[youtube https://www.youtube.com/watch?v=ePUjlVZFaxI?feature=oembed&w=848&h=477]


Source: Yerkir Media
Link: Հրաձգության հետեւանքով զինված խմբի անդամներից երկուսը վիրավորվել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image