ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրատ Ումարովը ստորագրել է միջուկային զենքի արգելման մասին համաձայնագիրը, հայտնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը:
Համաձայնագիրը ստորագրվել է Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ին Ղազախստանի անդամակցության 26-րդ տարեդարձի օրը: «Ղազախստանն ակտիվ մասնակցություն է ունեցել այս համաձայնագրի մշակման ու ընդունման գործընթացում, որը պատմության մեջ դարձավ միջուկային զինաթափման առաջին պարտադիր իրավաբանական փաստաթուղթը: Դրա հիմնական դրույթները համապատասխանում են Ղազախստանի սկզբունքային դիրքորոշմանը, որը ոգեշնչող ճանապարհ է անցել՝ աշխարհում միջուկային արսենալ ունեցող 4-րդ երկրից միջուկային զենքի չտարածման ու զինաթափման ոլորտում լիդեր-պետության վերածվելով»,- նշվում է հաղորդագրությունում:
Արտգործնախարարությունից հայտնում են, որ այս որոշումը հնարավոր է դարձել աշխարհում երկրորդ խոշորագույն միջուկային պոլիգոնի փակման արդյունքում, ինչպես նաև՝ «Սառը պատերազմի միջուկային ժառանգությունից» հրաժարվելու շնորհիվ: