Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին լարվածության հետևանքով անհայտ կորած բոլոր անձանց ճակատագրերը պարզվել են: Այս մասին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալի հայտարարության մեջ ասվում է.
«Մենք գնահատում ենք կողմերի ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ պարզել վերջին լարվածության հետևանքով անհայտ կորած հայտարարված բոլոր անձանց ճակատագրերը։ Միևնույն ժամանակ, ավելի քան 4000 մարդ անհայտ է կորել 1992-ից 1994 թվականների հակամարտության ակտիվ փուլի ընթացքում, և նրանց ընտանիքներին դեռևս հայտնի չէ նրանց հետ կատարվածը։ Մեզ համար առաջնային խնդիրներից է պատասխաններ տրամադրել բոլոր այս ընտանիքներին»։
ԿԽՄԿ-ն ղարաբաղյան հակամարտության գոտում գործում է 1992 թվականից ի վեր: 2016 թ․ ապրիլի 2-ին իրավիճակի վատթարացման կապակցությամբ ԿԽՄԿ-ն առաջարկել է կողմերին իր ծառայությունները՝ հումանիտար կարիքները հասցեագրելու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու հարցում։
Երեկ Բաշ Քարվենդ գյուղի մոտ հայկական կողմին է վերադարձվել զոհված հայ զինծառայող Արգիշտի Գաբոյանի աճյունը:
Source: Yerkir Media
Link: Ղարաբաղում վերջին բախումներում բոլոր անհետ կորածների ճակատագիրը պարզվել է