«Ճաճոյի էդոյի» որդուն՝ Տիգրան Մարտիրոսյանին սպանած կնոջը՝ Լիանա Կիրակոսյանին արգելանքից ազատելու որոշում է կայացվել: Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, Մարտիրոսյանի կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը, եւ արգելանքից ազատելու որոշում կայացվել:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 25-ին: Գուգարք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մուտքի աստիճանահարթակի մոտ հայտնաբերվել էր նշված տան բնակչի՝ 1983 թ. ծնված Տիգրան Մարտիրոսյանի դիակը` բազմաթիվ հրազենային վնասվածքներով: Վերջինի կինը՝ 1985 թ. ծնված Լիանա Կիրակոսյանը, ոստիկանությանը հայտարարել էր, որ նույն օրը ամուսնու հետ վիճաբանության ժամանակ, ամուսնու մոտ գտնվող ատրճանակից, ինքն է կրակոցներ արձակել նրա ուղղությամբ եւ սպանել: