Մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը

78 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (1987), հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի դափնեկիր (2013 թ.) Ներսես Հովհաննիսյանի ֆիլմերից շատերն այնքան մեծ ժողովրդականություն էին վայելում, որ դրանցից շատ արտահայտություններ ժողովուրդը վերածել է թեւավոր խոսքերի. «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.) , «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Ձախորդ Փանոսը» (1969թ.):

Ներսես Հովհաննիսյանը ծնվել է 1938 թ.-ին: Ավարտել է Երեւանի թիվ 58 ռուսական դպրոցը եւ մինչ ինստիտուտ ընդունվելն աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1953 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը:

1959 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում նախ որպես ռեժիսորի ասիստենտ, ապա՝ որպես ռեժիսոր:

1966-1967 թվականներին աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում. եղել է Յուլի Ռայզմանի` «Քո ժամանակակիցը» ֆիլմի ռեժիսորի օգնականը:

Որպես դերասան նկարահանվել է «Խոշոր շահում», «Վերջին կիրակին», «Մենավոր ընկուզենի» եւ այլն: «Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է խորհրդային կինոռեժիսորներին (Ռայզման, Կալատոզով, Պիրեւ) նվիրված վավերագրական ֆիլմերի շարք:

«Միխայիլ Կալատոզով. ճանապարհ դեպի քեզ» ֆիլմի համար Արվեստի մասին ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Լումիեր եղբայրների անվան բրոնզե մեդալի: Ռեժիսորը վերջին տարիներին բնակվում էր Մոսկվայում:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image