Մատաղիսում եւ Մարտակերտում գիշերն ուժգին հրետակոծություն է եղել. պատմում են բնակիչները

Հակառակորդը շարունակում է հեռահար եւ խոշոր տրամաչափի զինատեսակներ կիրառել ոչ միայն առաջնագծի, այլեւ թիկունքում գտնվող բնակավայրերի ուղղությամբ: Թիրախը կրկին Մարտակերտ քաղաքն է եւ Մատաղիս գյուղը: 

«22-ի լույս 23-ի գիշերը 12 արկ ընկավ գյուղ, 25-լույս 26-ի գիշերն էլ մինչեւ 20-ը հաշվել ենք, դրանից հետո` չէ: Կրակել են նաեւ 26-ի լույս 27-ի գիշերը` մոտ մեկ տասնյակ արկ է ուղղվել գյուղին: Վնասները լույսը բացվելուց հետո ենք գնահատել»,- նշում է Մատաղիսի դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանը:

Ըստ տնօրենի՝ տներին արկ չի դիպել, բայց գյուղի տարածքում դրանք բավական շատ են ընկել:

«Վնասվել են ջրամբարը, էլեկտրալարեր, ընտանի կենդանիներ: Գյուղի բնակիչներից զոհեր եւ վիրավորներ չկան: Չնայած հրետակոծության կրկնվելու վտանգին` մատաղիսցիներից շատերը` հիմնականում տղամարդիկ, գյուղում են մնում: Օգնում են վնասված շինությունները նորոգող խմբերին: Առաջին հերթին դպրոցն է վերանորոգվում, սկսվել է նաեւ բնակարանների նորոգումը: Գյուղացիերի տների լուսամուտների ապակիներն են փոխվում: Գործը շարունակվում է, շինարարները գյուղում աշխատում են, չափագրում»,-ավելացնում է Գեղամ Աղաջանյանը:

Ապրիլի 26-ին եւ 27-ին,  հիմնականում գիշերային ժամերին, նաեւ Մարտակերտ քաղաքն է հրետակոծվել: Շրջվարչակազմի ղեկավարը գնահատում է` հրետակոծումը նախորդ գիշերվանից անհամեմատ ակտիվ էր: Վնասված շինությունների վիճակագրությունն է թարմացվել: Եվս 3 բնակարան արկի անմիջական հարվածի տակ են ընկել, 18-ն` արկի պայթյունից մասնակի վնասվել:

Բարեբախտաբար, բնակիչները հասցրել են ապաստարաններում պատսպարվել: Մարտակերտում եւս զոհեր ու վիրավորներ չենք ունեցել:


Source: Yerkir Media
Link: Մատաղիսում եւ Մարտակերտում գիշերն ուժգին հրետակոծություն է եղել. պատմում են բնակիչները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image