Մարտի 8-ը Մառուսյա տատի համար կրկնակի տոն է. այսօր նա դարձավ 99 տարեկան

Մառուսյա տատիկը երկար էր սպասել արեւին: Քանի օր է՝ տանից դուրս է գալիս, փորձում է կարողացածի չափով մի գործ անել, հետո էլ նստում է պատի տակ, հիշում անցած գնացածը: Հասակակիցները վաղուց չկան, արդեն իր զավակների ու նրանց տարեկիցների հետ զրուցելով է օրն անցկացնում: Նրանք էլ փոքր չեն. ավագ որդին 81 տարեկան է:

«14 տարեկանում դասարանից դուրս եմ եկել, եթիմ աղջիկ եմ եղել, մորս մարդ չի եղել, մորս օգնել եմ, 17 տարեկան մարդի եմ գնացել երեք տարի էլ ապրել եմ, կռիվն ընկել է: Երեք երախա ու կեսուր է եղել, քացել եմ ստռոյկում աշխատել, քարեր եմ կրել»,- պատմում է Մառուսյա Հայրապետյանը:

Ամուսինը պատերազմի ժամանակ է մահացել, երկու երեխային պահելու հոգսն էլ իր ուսերին է մնացել:

«Չարչարվել եմ, սոված, ծառավ, ոտերս՝ պիպիկ, ըսին՝ աղչի, մեղք ես, ոտքերդ ինչի չես փակում, ասի՝ ունեմ, որ փակեմ»:

Դժվարությունները հաղթահարելով զավակներին մեծացրել է, հիմա արդեն թոռնիկներն էլ թոռներ ունեն: Տատիկն ասում է՝ շատ բան է տեսել՝ թե ուրախություն, թե տխրություն, բայց գոհ է՝ զավակներին ու թոռներին իրենց մուրազներին հասցրել է:

«Մի տեղս էլ ցավում չի, խոխեքս լավ են, իրենք էլ ինձ պահում են: Կյանքը շատ լավ է, լոխ լավ է, թող ջահելները մի քիչ լավ ապրեն»:

Մառուսյա տատիկի ծննդյան տարին հայտնի է, օրը՝ ոչ: Որոշել են խորհրդանշական ձեւով մարտի ութին այն նշել: Այսօր 99-ամյակն է լրանում: Որդին ասում է երկարակեցությունն իրենց գենի մեջ է, շատերն են իրենց ազգում այդ հասակին հասել:

«Ընենց ասում ա՝ էս հասակիս խի եմ ապրում, բայց որ մի քիչ հիվանդանում է, ասում է՝ կարողա մահանամ»,- ասում է Միխայիլ Հայրապետյանը:

Հայանիստցիները, մոտ ու հեռու բարեկամները եկել են տատիկի ծննդյան օրը շնորհավորելու: Անգամ ծաղրածու են հրավիրել, ճիշտ է, ծաղրածուի ներկայությամբ ավելի շատ փոքրիկներն են ուրախանում, քան տատին, բայց, ասում է, շատ ուրախ է, որ այդքան մարդ է հավաքվել:

Հարազատները որոշել են՝ Մառուսյա տատիկի 100 ամյակը ռեսոտորանում են նշելու:

Source: Yerkir Media
Link: Մարտի 8-ը Մառուսյա տատի համար կրկնակի տոն է. այսօր նա դարձավ 99 տարեկան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image