Այսօր Երեւանում տեղի կունենա հայ շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի ու Արիանա Կաոլիի հարսանեկան արարողությունը:
Ինչպես Արիանան հայտնել է Champord.am-ին, հարսանիքին մասնակցելու են մտերիմներն ու հարազատները: Ըստ Արիանայի՝ ամուսնության պետք է գնան երկու ամբողջական մարդիկ:
«Շատերը կարծում են, որ ամուսնությունը երկու կեսերի միություն է, բայց այսպես բացասական կախվածություն է ծնվում նրանց միջև։ Երբ դու կայացած, «լիքը» մարդ ես, սովորում ես, վերցնում ես և կարող ես տալ, ուրեմն կկարողանաք երկուսով սեր ու աշխատանք ներդնել ձեր հարաբերությունների մեջ ու ամուր ընտանիք կունենաք»:
Արիանան նշել է, որ հնարավոր է՝ Չարենց, Սևակ, կամ Թումանյան արտասանի։ Եվ անպայման ուզունդարա է պարելու:
«Ես կարծում եմ, որ պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում: Ես ամուսնանում եմ Հայաստանի հետ: Եվ հայկական բանաստեղություն ասմունքելով ու պար պարելով ասես ուզում եմ ասել՝ Հայաստանն արդեն իմ տունն է, ես էլ՝ նրա մասնիկը։ Մեր երկիրը Լևոնի ամենակարևոր ու թանկ բաներից է, արդեն ինձ համար էլ»։