Մենք համաժողովրդական պայքարով ենք հասել այս նվաճումներին. Արա Բաբլոյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձը:

Անցած քսանյոթ տարիները մեզ համար եղան պետականաշինության, ժողովրդավարության հաստատման ու քաղաքացիական հասարակության ձևավորման տարիներ: Եղան պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզների վերափոխման և ազգային օրենսդրության մշակման տարիներ…

1991 թվականի այս օրը կանգնած լինելով կանխատեսելի ու անկանխատեսելի մարտահրավերների, բազմաթիվ փորձությունների և հարցականների առջև՝ մենք անբեկանելի վճռով ուրվագծեցինք մեր հայրենիքի ազատ ապագան: Անկախ պետականություն կառուցելու ճանապարհը մեզ համար անցավ պատերազմի արահետներով: Եվ այսօր տոնելով Հայաստանի Հանրապետության ծննդյան հերթական տարեդարձը՝ առաջին հերթին պիտի ոգեկոչենք հայրենիքը, հայությանն ու սեպտեմբերի 21-ի խորհուրդը պաշտպանելիս ընկածների պայծառ հիշատակը: Հավերժ փառք նրանց:

…Մենք համաժողովրդական պայքարով ենք հասել այս նվաճումներին, որոնք պահպանելու և ամրապնդելու համար այսօր և միշտ անհրաժեշտ է ըմբռնումն այն պարզ իրողության, որ Հայաստանի Հանրապետության ապագան այլևս մեր ձեռքերում է:

Սիրելի հայրենակիցներ, սեպտեմբերի 21-ը մեր պետական տոնացույցում անջնջելի  տառերով գրվեց առաջին հերթին հայ ժողովրդի միասնության շնորհիվ:

Վերջին շրջանում մենք ներքաղաքական պայքարի լարված ամիսներ ենք ապրում:

Սակայն, անցած քսանյոթ տարիների անգամ ամենադրամատիկ պահերն ապացուցել են, որ մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները, հավատում ենք մեր ուժերին և իրականություն ենք դարձնում ապագային նայող ծրագրերը: Վստահ եմ, որ հիմա էլ այդպես կլինի և կսկսվի լուծումներ գտնելուն միտված կառուցողական քննարկումների ժամանակը»:

Source: Yerkir Media
Link: Մենք համաժողովրդական պայքարով ենք հասել այս նվաճումներին. Արա Բաբլոյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image