«Մենք սպիտակ ուժեր ենք». Հայկ Մարության

Այսուհետ ձեր պարտականությունն է ձեր կյանքի 20 տոկոսը նվիրել հանրային շահերին, նվիրել հանրությանը. միայն այսպես մենք կարող ենք հաջողություն ունենալ: Այս մասին սեպտեմբերի 2-ին Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանն ասել է ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում:

«Հարգելիներս, երևանցիներս, հարազատներս, առանց ձեր մասնակցության, առանց ձեր ակտիվ մասնակցության մենք ոչ մի բանի չենք հասնի։ Կներեք, որ այսպես եմ ասում, այսուհետ ձեր պարտականությունն է ձեր կյանքի 20 տոկոսը նվիրել հանրային շահերին, նվիրել հանրությանը։ Միայն այսպես մենք կարող ենք հաջողություն ունենալ»,- ասել է նա:

Մարությանը նշել է, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար, եւ ավագանու ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է. «Նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»։

«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո′, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»,- ասել է Մարությանը։

Հայկ Մարությանի ելույթին իր «Ֆեյսբուք»-ի էջում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար,  Վիգեն Սարգսյանը, որտեղ մասնավորապես ասված է.

«Այ գավառական ծաղրածու,

Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սեւերի եւ սպիտակների կիսես: Անկախ նրանից, թե որքան սուր կարող են լինել մեր հայրենակիցների զգացմունքներն անցյալի սխալների նկատմամբ կամ խորը հավատն ապագայի հանդեպ, անկախ նրանից, թե որքանով կհաջողի ներկայիս կառավարությունը, կամ հիասթափության ալիքի կհանգեցնի այն, որեւէ մեկն իրավունք չունի դասելու երեւանցիներին սեւերի եւ սպիտակների: Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը եւ ցածր բարոյականությունը: Երկրի եւ քաղաքի ապագայով մտահոգ գործիչը նույնիսկ եւ հատկապես հասարակության իրական պառակտվածության պարագայում պետք է ջանք չխնայի կամրջելու այդ բացը: Իսկ նոր անջրպետներ ստեղծելը թույլի, անվստահի, մեծամիտ եւ հասարակության վրա թքած ունեցող մարդու գործելաոճ է:

Կան շատ մարդիկ, որոնք ուզում են հավատալ Նիկոլ Փաշինյանին, բայց մեծ սխալ են համարում նրա կողմից քո առաջադրումը: Նրանցից շատերը, կարող է համարեն, որ դու չունես բավարար փորձ եւ գիտելիք` մայրաքաղաք կառավարելու համար: Շատերի համար էլ կարող է ավելի համոզիչ լինեն այլ թեկնածուների նախընտրական ծրագրերը: Ոմանք կբարդույթավորվեն ձայն տալ բիգուդիավոր տղամարդու: Դա դեռ ոչ մեկին սեւ չի դարձնում»:

Հայկ Մարությանի ելույթին արձագանքել է նաև «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններին Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանը:

««Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն քաղաքականությունում փորձում է իր առաջին քայլերն անել, եւ արել է առաջին ամենավտանգավոր արտահայտությունները՝ «Մեր դեմ խաղ չկա»  եւ «հասարակությունը բաժանված է սեւերի եւ սպիտակների: Այս նախադասությունը լսել ենք դեռ 90-ականներից, իրենից ավելի հզոր եւ ամենակարող համարող գործիչների կողմից, եւ հենց այդ նախադասությունն էր, որ թե երկիրը, թե այդ գործիչներին տարավ ուղղակի կործանման»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Իր հասցեին ուղղված քննադատություններին Հայկ Մարությանը նույնպես անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ես ամենեւին անթերի չեմ, եւ կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձեւակերպել խոսքս, եւ, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։

Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, եւ դա Հայաստանի ժողովուրդն է»,-մասնավորապես նշել է Հայկ Մարությանը:

 

Source: Yerkir Media
Link: «Մենք սպիտակ ուժեր ենք». Հայկ Մարության

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image