Մերի եւ Անահիտ. ոճով, բնավորությամբ տարբեր, բայց միասին՝ բեմում

Տարբեր՝ ոճով, բնավորությամբ, կերպարով, բայց միասին՝ բեմում։ Մերիի և Անահիտի զուգերգը հենց այդ առանձնահատկության մասին է։ Հայաստանյան պատվիրակները միջազգային հեղինակավոր մրցույթին ներակայանում են Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած «Տարբեր» զուգերգով։

Թեև 13-ամյա Անահիտ Ադամյանը ծնվել է հայրենիքից հեռու՝ Սոչիում, այնուամենայնիվ, նա չմոռանալով իր արմատների մասին, Եվրատեսիլում ներկայացնում է Հայաստանը։ Երգում է դեռ մանուկ հասակից, իսկ երաժշտական առաջին պրոֆեսիոնալ քայլերը սկսել է 2013 թ-ից: «Մանկական եվրատեսիլ»-ին մասնակցելը Անահիտի երազանքներից մեկն է եղել:

Իսկ ահա 13-ամյա Մերի Վարդանյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Երաժշտական պրոֆեսիոնալ առաջին քայլերն արել է 2011 թվականից եւ սկսել է ուսանել «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցում: Մերին եւս մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների:

Նշենք, որ այս տարի մրցույթի կանոններում մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հաղթողը կորոշվի մասնակից երկրների պրոֆեսիոնալ եւ մանկական ժյուրիների կողմից, ինչպես նաեւ փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ: Մրցույթին այս տարի կմասնակցի 17 երկիր:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007-ից: 2010-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011-ին անցկացնել Հայաստանում:

«Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում:

 


Source: Yerkir Media
Link: Մերի եւ Անահիտ. ոճով, բնավորությամբ տարբեր, բայց միասին՝ բեմում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image