Մերի Մարգարյանին կեսարյան չեն արել․ ինչո՞ւ առկա խնդիրները հիմք չեն եղել

panorama.am — «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձության գծով փոխտնօրեն Աշոտ Սիրունյանը տեղյակ չի եղել, որ ծննդկան Մերի Մարգարյանի առողջական վիճակը լավ չի եղել, և նա հոսպիտալացվել է հուլիսի լույս 27-ի գիշերը ժամը 4-ին:

«Ես այդ մասին իմացել եմ միայն առավոտյան ժամը 10-ի կողմերը», -այսօր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան վերաբերյալ քրեական գործով նիստում պատասխանելով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանի հարցերին ասաց Աշոտ Սիրունյանը:

Նրա ներկայացմամբ, ինքը առավոտյան ծանոթացել է բոլոր հետազոտությունների արդյունքներին, բայց նրա համար ուշադրության արժանի են եղել արյան միոքիմիական հետազոտության արդյունքները, որոնց համաձայն, լյարդի ֆերմենտները «շատ բարձր են եղել, դրանից էն կողմ էլ ո՞ւր»:

Հարցին, թե շուրջ 35 շաբաթական հղիություն ունեցող հղիի համար դա անհանգստացնո՞ղ է, Սիրունյանը պատասխանեց կարճ՝ «Միանշանակ»:

Հաջորդեց փաստաբանի մյուս հարցը. «Լյարդի ֆերմենտների նման բարձր լինելը արդյոք հիմք չէ՞ր, որ Մերի Մարգարյանը կեսարյան հատման ենթարկվեր»:

«Եթե մենք ցուցում չունենք հղիի և պտղի համար, իսկ նման ցուցում չկար: Եթե չկա ցուցում, հո միանգամից կեսարյան չե՞նք անի», -արձագանքեց Սիրունյանը:

Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավարն ասաց նաև, որ Մերի Մարգարյանի մոտ այդ ժամանակ եղած հղիի սակավաջրությունը իրենց չի անհանգստացրել, քանի որ դա մեծ խնդիր չի եղել:

Տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբանը համառորեն փորձում էր հասկանալ՝ արդյոք սակավաջրությունը, լյարդի ֆերմենտների բարձրացումը, բիլիռուբինի տեղաշարժը հիմք կամ ցուցում չի՞ եղել, որ Մերիին ծննդալուծեին կեսարյան հատման միջոցով:

«Դրանք ցուցում չեն կեսարյան հատման համար: Պետք է պտղի կամ ծննդկանի կյանքին սպառնացող վտանգ լինի, որ ցուցում լինի կեսարյան հատման համար», -փաստաբանին արձագանքեց վկա Սիրունյանը:

Կեսարյան հատման անհրաժեշտության վերաբերյալ տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանի մյուս հարցերին ի պատասխան Աշոտ Սիրունյանը հակադարձեց հարցով. «Ինչո՞ւ եք դուք մեզ անընդհատ դրդում, որ մենք կեսարյան հատում անեինք»:

«Որովհետև այսօր գոնե երեխան կենդանի կմնար», -Սիրունյանին արձագանքեց փաստաբան Թովմասյանը:

Այս երկխոսությունից հետո Մերիի մայրը չդիմացավ և արտասվելով հեռացավ դատարանի դահլիճից:

Շարունակությունն՝ այստեղ


Source: Yerkir Media
Link: Մերի Մարգարյանին կեսարյան չեն արել․ ինչո՞ւ առկա խնդիրները հիմք չեն եղել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image