Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝
• թեև հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն անվճար է, բայց արձանագրվել են հոգեբուժական վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր, համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման ծառայություններն անհասանելի են,
• առկա են ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով նախատեսված հարկադիր բուժման հետ կապված մի շարք օրենսդրական և գործնական խնդիրներ,
• օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներ և արձանագրվել են դրանց կիրառման կարգի խախտումներ,
• հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է,
• մի շարք դեպքերում չկան նեղ մասնագետները (օրինակ՝ մանկական հոգեբույժներ),
• չկա գիշերային ժամերին հոգեբույժների հերթապահություն, իսկ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, Երևանում էլ չկա,
• արձանագրվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ, դեղերի ոչ պատշաճ պահպանում և խոտանում,
• եղել են հոգեմետ դեղերի հաշվառման և տրամադրման մատյանների ոչ պատշաճ վարման դեպքեր,
• բացակայում են անհետաձգելի հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում անձին հոգեբուժական կազմակերպություններ տեղափոխելու և պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու մեխանիզմները,
• առկա է դեղորայքային բուժումից զատ այլընտրանքային բուժման մեթոդների կիրառման խիստ պակաս,
• հոգեբուժական կազմակերպություններում կան գերբնակեցվածության դեպքեր,
• առկա է հոգեբուժական որոշ կազմակերպություններում կանանց և տղամարդկանց բաժանմունքների առանձնացման խնդիրներ,
• մի շարք դեպքերում առկա է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական մոտեցում,
• առկա է կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,
• կան ոչ պատշաճ քանակի և միատեսակ սննդի տրամադրման խնդիրներ,
• պատշաճ կերպով չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբոսանքի իրավունքը,
• բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակ տրամադրելու և վերջիններիս կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմները:
Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել են ոլորտի իրավասու մարմիններին: