ՄԻՊ-ն առանձնազրույցներ է ունեցել ՊՊԾ-ն գրաված խմբի կալանավորված անդամների հետ
August 4, 2016
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օգոստոսի 4-ին կատարել է չհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի շրջանակներում Պաշտպանն առանձին հանդիպումներ է ունեցել Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Անդրիաս Ղուկասյանի եւ Արայիկ Խանդոյանի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանի այցի նպատակն է ուսումնասիրել նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը: Առանձնազրույցների արդյունքներով համապատասխան գրություններ են ուղարկվելու նախաքննության մարմիններին:
Ա.Մարտիրոսյանը, Դ.Սանասարյանը, Ա.Ղուկասյանը կամ Ա.Խանդոյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքի, պահման պայմանների կամ բուժօգնության կազմակերպման առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել։ Քրեակատարողական հիմնարկներ եւ ազատությունից զրկման մյուս վայրեր չհայտարարված մոնիտորինգային այցելություններն այսուհետ եւս կրելու են շարունակական բնույթ: