Մխիթարյանի տրանսֆերային արժեքը՝ 35 մլն ֆունտ սթերլինգ

Բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: The Sun-ը հայտնում է, որ «Յունայթեդը» հետաքրքրվում է «Յուվենտուսի» ձախ պաշտպան Ալեքս Սանդրոյի ծառայություններով: Մանչեսթերյան ակումբը պատրաստ է բրազիլացու տրանսֆերի համար վճարել 60 մլն եվրո, ինչպես նաեւ առաջարկել հայ ֆուտբոլիստի ծառայությունները: Սակայն իտալական կողմին տրանսֆերի այս տարբերակը այնքան էլ դուր չի եկել, քանի, որ «Ծեր Սինիորան» ցանկանում է իր կազմում տեսնել Դեյլի Բլինդին:

Իսկ Daily Mail-ի հաղորդմամբ, մանկունիացները սահմանել են Մխիթարյանի տրանսֆերային արժեքը, այն է՝ 35 մլն ֆունտ սթերլինգ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականի ավագին իր կազմում է ցանկանում տեսնել Միլանի «Ինտերը»:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին ձեռք էր բերել 27 մլն ֆունտի դիմաց 2016 թվականին: Խոսակցություն կան, որ Հենրիխը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»: Եվ այս առթիվ The Independent-ը գրում է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Յուլիան Վայգլին եւ մտադիր է Հայաստանի հավաքականի ավագի տրանսֆերը ներառել այդ գործարքում:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» ընդհանուր առմամբ մասնակցել է 58 հանդիպման եւ դարձել է 13 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական գրանդի հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը:

Մինչ բրիտանական մամուլը շշուկներ է տարածում, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Մխիթարյանը կարող է մասնակցել Անգլիայի Լիգայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլի՝ «Բրիսթոլ Սիթիի» դեմ հանդիպմանը:

«Կազմում փոփոխություններ կմտցնեմ, բայց մենք պետք է լրջորեն մոտենանք այս խաղին: Հնարավոր է` Մխիթարյանը մեկնարկային կազմում լինի: Դաշտում բոլորի համար տեղը չի բավականացնի: Պահեստայինների նստարանին եւս պետք է հավասարակշռություն պահպանել»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

«Բրիսթոլ Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերին 20-ին:

Նշենք, որ 28-ամյա հայ ֆուտբոլիստը, վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին` «Բրայթոնի» դեմ խաղում:

Source: Yerkir Media
Link: Մխիթարյանի տրանսֆերային արժեքը՝ 35 մլն ֆունտ սթերլինգ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image