jam-news.net-Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է 7 քաղաքական կուսակցություն: Տարածաշրջանի բոլոր 6 քաղաքներում նրանք ներկայացրել են քաղաքապետի իրենց թեկնածուներին: Այդ կուսակցությունները մասնակցում են քաղաքային սակրեբուլոյի ընտրություններին համամասնական և մեծամասնական ընտրակարգերով:
Ջավախքի 6 քաղաքներում քաղաքապետի 35 թեկնածուից 14-ը էթնիկ հայեր են, երկուսին առաջադրել են նախաձեռնող խմբերն, այլ ոչ թե կուսակցությունները, կա մեկ կին՝ Անիվարդ Մոսոյանը, որը պայքարելու է Նինոծմինդային քաղաքապետի պաշտոնի համար: Նրան առաջադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Նախաձեռնող խմբերի առաջադրած թեկնածուներն են Անդրանիկ Կարլսյանը՝ Նինոծմինդայում և Լևան Ցաբաձեն՝ Ասպինձայում:
Ախալքալաքում քաղաքապետի 6 թեկնածու կա, սակայն նրանցից միայն երկուսն են դիտարկվում որպես իրական թեկնածու՝ Յուրիկ Հունանյանն իշխող «Վրացական երազանքից» և Սամվել Պետրոսյանը «Վրաստանի հայրենասերների դաշինքից»: Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են Ռուբեն Մկրտչյանը («Գիորգի Վաշաձե – Նոր միասնական Վրաստան»), Հարություն Ալեքսյանը («Եվրոպական Վրաստան»), Զուրաբ Օզգեբաշվիլին («Ազգային շարժում») և Մելիք Ռայիսյանը («Դիմիտրի Լորտկիպանիձե, Կախա Կուկավա – Ժողովրդավարական շարժում»):