Նիկոլ Փաշինյան. «Ժողովուրդը պետք է որոշի` իր կամարտահայտությամբ»

Հակառակ նախօրեին արված հայտարարությանը, թե այլեւս Նիկոլ Փաշինյանը չի գնալու Խորենացի փողոց, այսօր նա կրկին այնտեղ էր։ Մինչ այդ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարը համացանցում հայտնել էր իր առաջիկա ելույթի մասին։

Մեկ օր առաջ Խորենացի չգնալու որոշումը նա պայմանավորել էր այն հանգամանքով, որ Պավլիկ Մանուկյանը հանրահավաքի միկրոֆոնն առաջարկել էր փոխանցել ուրիշի, ինչպես նաեւ հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը լիազորված չէ իրենց անունից բանակցություններ վարել։ Այսօր կայացած հանրահավաքում արդեն Նիկոլ Փաշինյանն իր՝ Խորենացիում գտնվելու միակ որոշողին հռչակեց ժողովրդին։ Նրա խոսքով, ընդհանրապես առաջիկա գործընթացներում ինքն առաջնորդվելու է ժողովրդի ցանկությամբ։

ԱԺ պատգամավորի խոսքում սուր քննադատություն հնչեց Հայաստանի նախագահի հասցեին, սակայն շատերի համար անսովոր բուռն քննադատության արժանացավ նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանը, որին Փաշինյանը մեղադրեց իշխանության հետ դաշինք կազմելու մեջ։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց առաջիկա քաղաքական ծրագրերի, երկրի տարբեր մարզերում հանրահավաքներ կազմակերպելու անհրաժեշտության մասին։ Միայն այդ դեպքում եւ միայն խաղաղ ցույցերի միջոցով պահանջ բարձրացնելով, ըստ նրա, կարելի է հասնել փոփոխության։

ՊՊԾ գունդը գրաված զինյալների հետագա ճակատագրի մասին էլ Փաշինյանը միայն ասաց. «Ինձ պատասխանատու եմ զգում` Հայաստանի Հանրապետության առաջ, ԼՂՀ-ի առաջ, Պավլիկենց առաջ, ժողովրդի առաջ,  Վալերի Օսպիպյանի եւ Վարդան Եղիազարյանի առաջ: Ես ինձ չեմ ների եթե առավելագույնը չանեմ, որ Պավլիկ Մանուկյանի, Արեգի գլխից մազ չպակասի, ես ինձ չեմ ների, եթե առավելագունը չանեմ, որպեսզի Վալերի Օսիպյանը եւ մյուս փոխոստիկանապետը վերադառնան իրենց զավակի, ընտանիքի մոտ…»,- Խորենացի փողոցում իր ելույթն այսպես եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կարեւորել է հանրահավաքներում սադրիչների, գինովցած, բռնություն գործադրելու պատրաստ անձանց բացառումը։


Source: Yerkir Media
Link: Նիկոլ Փաշինյան. «Ժողովուրդը պետք է որոշի` իր կամարտահայտությամբ»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image