Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը, որը եթեր կհեռարձակվի Արծվիկի եվրատեսիլյան ելույթից անմիջապես առաջ: Մրցույթի կազմակերպիչների որոշմամբ՝ այս տարի տեսանյութերը նկարահանել են մասնակից երկրների Հանրային հեռուստաընկերությունների ստեղծագործական խմբերը: Այս մասին  տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայաստանյան տեսաբացիկում ներկայացված կլինեն Արծվիկի կյանքի ամենահիշարժան եւ տպավորիչ ակնթարթը՝ հաղթանակը «Դեպի եվրատեսիլ»-ում: Բացի դրանից, տեսանյութում  կլինի Արծվիկի՝ օդապարիկով թռիքը, որը, ինչպես «Եվրատեսիլ»-ին մասնակցելը, տարիներ շարունակ եղել է նրա երազանքը:

«Ես անմոռանալի տպավորություն ստացա թռիչքիցս: Աննկարագարելի է, թե ինչ ես զգում, երբ գտնվում ես երկրի ու երկնքի միջեւ՝ ամպերին այդքան մոտ: Հույս ունեմ, որ տեսաբացիկի միջոցով էմոցիաներս կկարողանամ փոխանցել երկրպագուներիս»,- նշում է Արծվիկը:

Տեսաբացիկում, որպես Հայաստանը ներկայացնող հետաքրքիր եւ յուրահատուկ վայր, ընտրվել է Նորավանքը:

Բացի դրանից, ներկայացվում է նաեւ ընկերական ջերմ հանդիպում գինու շուրջ, որտեղ Արծվիկին ուղեկցում են նաեւ բեք-վոկալիստներ Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Ամալյա Մարգարյանը, Վիկտորիա Պողոսյանը եւ երգի համահեղինակ Դավիթ Ծերունյանը: Երիտասարդների հանդիպումը խորհրդանշում է խնջույքներին հայկական գինեխմության ավանդույթը:

Source: Yerkir Media
Link: Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը