aravot-am— Ապրիլի 10-ին Գյումրու ծննդատանը 2 կիլոգրամ 900 գրամ քաշով ծնված տղային՝ ի պատիվ Ջեբրայիլում նահատակված գյումրեցի հերոսի՝ տանկիստ Տիգրան Աբգարյանի, անվանեցին Տիգրան:
20-ամյա Տիգրան Աբգարյանը, տեսնելով հարձակումը, մղվել էր առաջնագիծ, մտել թշնամու 8 տանկերի մեջ, անողոք, անզիջում կռիվ էր մղել, իր մի տանկով կարողացել էր ոչնչացնել հակառակորդի առնվազն 4 տանկ ու զոհվել էր:
Փոքրիկ Տիգրանի մայրը՝ Արմինե Խաչատրյանը, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ ծննդատնից դուրս գրվելուց հետո, երբ գնացել են տուն, որը գտնվում է Քեթի գյուղում, իրենց անմիջապես հյուրընկալվել են հերոսի հարազատները՝ եղբայրն ու քեռիները: Նրանք եկել են՝ մի մեծ տանկ ու ծաղկեփունջ ձեռքերին, գրկել են փոքրիկ Տիգրանին ՝փորձել նրանից առնել հերոսի կարոտը:
«Հիվանդանոցից ներս մտա, տանը մեր բարեկամներն էին հավաքվել, շատ հյուրեր ունեինք, սեղան էինք արագ-արագ գցում, մեկ էլ եկան մեր հերոսի հարազատները. եղբայրը՝ մի մեծ ծաղկեփունջ ձեռքին, քեռիներից մեկը՝ մի մեծ տանկ գրկած, մյուս քեռին էլ նվերներ էր բերել մյուս երեխաներիս համար: Տիգրանի եղբայրը գրկել էր փոքրիկ Տիգրանին՝ կարծես շնորհակալություն հայտներ, որ նա ծնվել է, իր եղբոր անունն ենք դրել: Իրոք չէի պատկերացնում, որ մեր հերոսի անունը դնելով որդուս՝ փոքր- ինչ կսփոփեի նրա հարազատներին:
Այնպես էինք հուզվել, հուզմունքի պատճառով չկարողացանք նորմալ շփվել, բայց ես գնալու եմ Տիգրանի ծնողներին տեսնեմ, երեխաս վաղը քառասուն օրական կդառնա, դրանից հետո գնալու եմ շփվեմ հերոսի ընտանիքի հետ.. Ես արդեն մանրամասն ուսումնասիրել եմ մեր հերոսի սխրանքը, հենց որդիս մեծանա, պատմելու շատ բան կունենամ: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ իմ այս որդին ոչ սովորական մարդ է դառնալու: Գիտեք ոնց ստացվեց իմ որդուն հերոսի անունով կոչելը. պապս շատ խելացի, կարդացած մարդ է եղել, նույնիսկ խոր ծերության հասակում գրքեր է կարդացել ու իր բոլոր զավակներին անվանել է հերոսների անուններով:
Վեց երեխա է ունեցել, վեցն էլ հերոսի անուններ ունեն, որ գիրքը կարդացել է տատիկիս հղիության ընթացքում, այդ գրքի հերոսի անունով էլ անվանել է իր զավակներին: Մի զուգադիպություն կա, հետաքրքիրն այն է, որ պապիս կարդացած գրքի հերոսը հենց տղա է եղել, տղա է ունեցել հենց աղջիկ է եղել՝աղջիկ: Իմ պապայիս անունը «Խաչագողի հիշատակարանից» է՝ Մուրադ է, ես միշտ ամուսնուս ասում էի, գիրքը կարդալը մոռացել ենք, ամբողջ օրը ինտերնետով կինո ենք նայում, գոնե մի հերոսի անուն գտի կինոներից, մեր որդուն նրա անունով կոչենք: Մինչեւ վերջ չէինք կարողանում գտնել՝ ո՞ւմ անունով կոչենք որդուս, մեկ էլ սկսվեց պատերազմը ու կարդացինք Տիգրանի մասին՝ մերօրյա հերոսի մասին: Հերոսը ինքը մեզ հուշեց, որ իր անունը պիտի կրի որդիս: Որ Տիգրանի անունն է կրում իմ այս որդին, մի ուրիշ ձեւով եմ նրան վերաբերվում՝ մյուս երեխաներիցս տարբեր, նա յուրահատուկ երեխա պիտի մեծանա,- նշում է փոքրիկի մայրը:
Շարունակությունը՝ այստեղ
Source: Yerkir Media
Link: Նորածնին կոչել են Տիգրան՝ ի պատիվ Ջեբրայիլում նահատակված գյումրեցի հերոսի