Նոր կանոնագիրք՝ ուղված դեղագործության ոլորտի խնդիրների կարգավորմանը

May 3, 2017

Մշակվել է Դեղագործության ոլորտի բարեխիղճ վարքագծի կանոնագիրքը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն կանոնագրքում անդրադարձել է ոլորտում առկա այնպիսի խնդիրների, որոնք օրենքով կարգավորված չեն: Նոր կանոնագիրքը նպատակ ունի խրախուսել մրցակցային վարքագծի արդար, բարեխիղճ կանոնների ստեղծումը: Նախատեսվում է, որ այն կսահմանափակի բժիշկների՝ հիվանդներին ուղղորդման դեպքերը, կվերացնի անբարեխիղճ գովազդը: Բացի այդ կանոնագրքին միացած ընկերությունները պարտավորվում են շուկա հանել անվտանգ եւ արդյունավետ դեղագործական արտադրանք:

Եթե բժիշկը դեղատոմս է գրում, որտեղ նշված է դեղի ոչ թե միջազգային, այլ բրենդային անվանումը, դա կարելի՞ է համարել կոռուպցիա կամ անբարեխիղճ վարքագիծ: Հարցի պատասխանը տալիս է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Նոր մշակված բարեխիղճ վարքագծի կանոնագրքով՝ դեղ արտադրող կամ ներմուծող ընկերություններին արգելվում է խրախուսել բժշկին՝ նշանակելու իրենց առաջարկած դեղերը: Դա ոտնահարում է եւ՛ մրցակից ընկերությունների, եւ՛ սպառողների շահերը:

Սպառողը, վստահելով բժշկի նշանակմանը, գնում է կոնկրետ արտադրողի եւ որպես կանոն շատ հայտնի բրենդի առաջարկված դեղամիջոցը, որը կարող է լինել շատ ավելի թանկ, քան նույն ազդող նյութով միջազգային այլ արտադրողների դեղամիջոցներն են:

Բարեխիղճ վարքագծի այս նոր կանոնագիրքը կարգավորելու է ոլորտում առկա մի շարք այլ խնդիրներ: Օրինակ՝ ընկերությունը բժշկին նվիրում է դեղամիջոցներ եւ սարքավորումներ, որպեսզի վերջինը հիվանդին ուղղորդի հենց իր դեղատուն: Կանոնագրքով դեղագործական ընկերություններն իրավունք չունեն բուժաշխատողներին գովազդի նպատակով դեղերի անվճար նմուշներ տրամադրել: Չի թույլատրվում նաեւ նվիրել անձնական օգտագործման իրեր: Ընկերության լոգոտիպով հուշանվերերներ կարող են նվիրել, որոնց արժեքը, սակայն 15 հազար դրամը չի գերազանցում:

Ինչ վերաբերում է բուժաշխատողների համար կազմակերպվող մասնագիտական սեմինարներին, ապա դրանք թույատրվում են, սակայն սեմինարների ընթաքում չպետք է պարտադրել նրանց նպաստել ընկերության դեղամիջոցների վաճառքի ավելացմանը: Մեկ այլ հարց է նաեւ սեմինարի անցկացման վայրը:

Հաճախ ենք հանդիպում այսպես ասած «հրաշագործ» դեղերի գովազդների, որտեղ դեղամիջոցն օգտագործելուն պես հիվանդն ամբողջովին ապաքինվում է: Բարեխիղճ վարքագծի կանոնագրքով գովազդը պետք է լինի օբյեկտիվ եւ պարունակի ամբողջական տեղեկատվություն:

Շուրջ 50 դեղագործական ընկերություն արդեն միացել է կանոնագրքին, որը ստորագրման փուլում է: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վստահեցմամբ՝ այն ընկերությունները, որոնք չեն միացել փաստաթղթին, կհամարվեն ռիսկային. նրանց վարքագիծը կվերահսկվի:

Source: Yerkir Media
Link: Նոր կանոնագիրք՝ ուղված դեղագործության ոլորտի խնդիրների կարգավորմանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image