Նոր մանրամասներ՝ Արման Մկրտումյանի տան վրա կատարված ավազակային հարձակումից

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նոր մանրամասներ է փոխանցել վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատանավազակային հարձակման դեպքից:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված և զինված 3 անձինք:

Գոռ Մ.-ն և հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել է  հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:

Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 1976 թ. ծնված Հ. Ռիժենկոն և դեռևս չպարզված երկու անձինք ինքնաձիգներով զինված՝  մուտք են գործել հիշյալ տուն, որտեղ Գոռ Մ.-ն հոր հետ դիմադրություն են ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռիժենկոյին, ինչից հետո չպարզված երկու անձինք անկանոն կրակոցներ են արձակել և դիմել փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և լինգ:
Հ.Ռիժենկոն ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել Արման Մկրտումյանը: Վնասվածքի բնույթն ու ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

 

Source: Yerkir Media
Link: Նոր մանրամասներ՝ Արման Մկրտումյանի տան վրա կատարված ավազակային հարձակումից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image