Նոր ներդրումներ Կոտայքի մարզի գյուղատնտեսական ոլորտում

June 20, 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում, որտեղ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդան քաղաքում կառուցվող լոլիկի արտադրության ջերմոցային համալիր:

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Հունանյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել ջերմոցային համալիրի շինարարությունը, որի համար ներդրվելու է 5.5 մլրդ դրամ:

Այնուհետև նախարարն ուղևորվել է գյուղմթերքի արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող «Վիլֆուդ» ՍՊԸ:  Ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Առաքելյանը տեղեկացրել է, որ ընկերության արտադրանքի մոտ 35 տոկոսն իրացվում է տեղական շուկայում, իսկ մնացած մասն արտահանվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ և Ֆրանսիա: Օգոստոսին նախատեսվում է բացել նոր արտադրամաս, որը  թույլ կտա կրկնապատկել արտադրանքի ծավալները:

Այցի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը ուղևորվել է Նոր Գեղի համայնք՝ նորակառույց «Քեյ Էմ Ջի» ելակի ջերմոցային տնտեսություն: Ընկերության տնօրեն Դմիտրի Ալեքսեյենկոն նշել է, որ 3 հա-ի վրա սկսել են զբաղվել ելակի արտադրությամբ,  աճեցնում են «Ալպիոն» տեսակի ելակ:

Անդրադառնալով կառավարության ծրագրի գյուղատնտեսության հատվածին՝ նախարարը նշել է, որ նախատեսվում է մատչելի ֆինանսական միջոցներ տրամադրել գյուղացիական տնտեսություններին կաթիլային ոռոգման համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի, ինտենսիվ այգիների համար:

Source: Yerkir Media
Link: Նոր ներդրումներ Կոտայքի մարզի գյուղատնտեսական ոլորտում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image