Շաքիի ջրվեժն այսուհետ կգործի հստակ ժամային գրաֆիկով: Մարտի 15-ից ապրիլի 30-ը եւ հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը զբոսաշրջիկները ջրվեժի ամբողջ գեղեկցությունը կարող են վայելել 11:00-ից 17:00-ն, իսկ մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ը՝ 11:00-ից 19:00: Ժամային այս գրաֆիկը մշակվել է տուրիստակա գործկալությունների հետ քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում զբոսաշրջիկների այցելությունների քանակը:
Հայաստանի ամենաբարձր ջրվեժը՝ Շաքին, որն ունի հիդրոէներգետիկ, գյուղատնտեսական, զբոսաշրջային կարեւորություն, բնապահպանների մշտական մտահոգության կենտրոնում է: «Շաքի ՓՀԷԿ»-ի աշխատանքն ազդում էր ջրվեժի ջրատվության վրա: Բնապահպանության նախարարությունում դեռեւս հունվարին էին որոշել խնդրին վերջնական լուծում տալ: Ժամային գրաֆիկ սահմանելու առաջարկը նախարար Արծվիկ Մինասյանինն էր. առաջարկել էր ցերեկային ժամերին ջրահոսքն ամբողջությամբ ուղղել ջրվեժ, իսկ գիշերային ժամերին՝ ՓՀԷԿ-ը շահագործել:
Ըստ նախարարի՝ դա կարող էր դառնալ տնտեսական եւ բնապահպանական խնդիրները հավասարակշռող լավագույն լուծումը: Շահագրգիռ կողմերի միջեւ տեւական քննարկումներից հետո նախարարի առաջարկը կյանքի կոչվեց:
Այսօր Բնապահպանության նախարարությունը «Հակոբջանյան եւ Գալստյան ՀԷԿ»-ին տրամադրեց ջրօգտագործման թույլտվությունը:
«Հակոբջանյան-Գալստյան ՀԷԿ»-ի սեփականատերերը տարիներ առաջ այն ձեռք բերելիս ջրվեժի աշխատանքի ապահովման որեւէ պարտավորություն չեն ստանձնել: ՓՀԷԿ-ի համասեփականատեր Աղասի Հակոբջանյանի խոսքով՝ որպես քաղաքացիներ ջրվեժի ճակատագրով մշտապես մտահոգվել են: 20 տարվա ընթացքում իրենք հարցը բազմիցս բարձրաձայնել են, սակայն խնդրին այդպես էլ լուծում չի տրվել:
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Yerkir Media
Link: Շաքիի ջրվեժի խնդիրը լուծում է ստանում. ջրվեժը կգործի հստակ ժամային գրաֆիկով