Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի դեմ բողոքները շարունակվում են: Բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը պնդում են, որ ռեկտորը սեփական շահի համար 1 տարի շարունակ ավերում է բուհը: Նրա կամայականությունների պատճառով, ըստ դասախոսների, համալսարանում ուսումնական գործընթացը խաթարված է, դասախոսների եւ ուսանողների աշխատանքային ու կրթական ապագան՝ վտանգված:
Դասախոսները նշում են, որ համալսարանի բյուջեից ահռելի գումարներ են դուրս գրվում՝ անիմաստ եւ անտրամաբանական շինարարական աշխատանքների համար, համալսարանի աշխատակազմում բարձր աշխատավարձով նոր մարդիկ են հայտնվել, որոնք իրականում ոչինչ չեն անում, այն պարագայում, երբ դասախոսները շատ քիչ են վարձատրվում: Բացի դրանից, հոկտեմբերի 2-ին ռեկտորը գիտխորհրդի նիստ է հրավիրել եւ որոշել, որ ուսումնական տարվա մեկնարկից մեկ ամիս անց բոլոր ուսումնական պլանները, դասաբաշխումները պետք է փոխվեն:
Դասախոսները մտահոգված են նաեւ համալսարանի գրադարանի վիճակով: Ըստ նրանց, մի քանի ամիս առաջ գրքերի կեսը ոչնչացվել է անհիմն պատճառով, իսկ իրականում ռեկտորը գրապահոցն ազատելու եւ այնտեղ գրախանութ հիմնելու նպատակ ուներ: Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը բաց նամակ են հղել երկրի նախագահին եւ վարչապետին եւ հույս ունեն, որ այն անարձագանք չի մնա:
Source: Yerkir Media
Link: Շիրակի պետհամալսարանի բյուջեից ահռելի գումարներ են դուրս գրվում․ դասախոսներ