Ոստիկանապետն առաջնահերթ ընդգծել է կոռուպցիոն որևէ դրսևորման բացառումը

ՀՀ ոստիկանությանպետ Վալերի Օսիպյանն ու առաջին տեղակալ Արման Սարգսյանը հունիսի 4-ին խորհրդակցություն են անցկացրել ոստիկանության օպերատիվ ծառայությունների ղեկավարության ու անձնակազմի հետ: Ոստիկանության պետն առաջնահերթ ընդգծել է կոռուպցիոն որևէ դրսևորման բացառումը, ուժային կառույցների և այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցության ապահովումը:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Խիստ հրահանգ տրվեց բացառել հանցագործության դեպքերի թաքցնելու արատավոր երևույթն ու ոստիկանության բաժիններում բռնության որևէ դրսևորում:

Վալերի Օսիպյանը կարևորեց նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկող միջոցառումները: Նշվեց ծանր, առանձնապես ծանր, հասարակական հնչողություն ունեցող դեպքերը սեղմ ժամկետներում բացահայտելու կարևորությունը, նաև մատնանշվեցին կոնկրետ հանցատեսակներ՝ բնակարանային գողություններ, գրպանահատություն, ապօրինի թմրամիջոցների իրացում, օգտագործում և այլն, որոնց կանխելու ու բացահայտելու ուղղությամբ ոստիկանությունը պետք է աշխատի առավել ինտենսիվ:

Ոստիկանության պետը առաջնային խնդիրներից համարելով անչափահասների հետ տարվող աշխատանքը՝ հանձնարարական տվեց շարունակել միջոցառումները անչափահասների շրջանում՝ նրանց հակահասարակական արարքներից զերծ պահելու համար:

Վալերի Օսիպյանը օպերլիազորների ուշադրությունը հրավիրեց այս տարվա աշնանը հանրապետությունում կայանալիք «Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի» և Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ անցկացմանը և այդ ուղղությամբ նրանց ծառայությանը:

Խորհրդակցության ավարտին ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահատման, մասնագիտական հմտությունների և բարեխիղճ ծառայության համար ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով ու կրծանշաններով»:

Source: Yerkir Media
Link: Ոստիկանապետն առաջնահերթ ընդգծել է կոռուպցիոն որևէ դրսևորման բացառումը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image