Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «սևի և սպիտակի» բանաձևին:
«Մեզ մեղադրում են, որ հետևելով Հայկ Մարությանի օրինակին, սևի և սպիտակի բանաձևն առաջ է քաշվել, որը հանգամանքների բերումով դարձավ քաղաքական կարգախոս: Ուզում եմ լինել կատարյալ անկեղծ, որովհետև, իմ կարծիքով, իրականում ինչի՞ց է ծագել այդ բարդությունը՝ քանի որ «Իմ քայլը» դաշինքը ձևավորվել է որպես հեղափոխության ներկայացուցիչների դաշինք և ընտրարշավի ընթացքում այնպես է ստացվել, որ բոլորը կամ շատերը հանդես են գալիս որպես մի ուժ, որը պաշտպանել է հեղափոխությանը, ընդհուպ հեղափոխություն արել: Հայաստանում հեղափոխությունն արել է ժողովուրդը, ոչ մի քաղաքական ուժ հեղափոխություն չի արել, բայց ուզում եմ ասել, որ այն ժամանակ, երբ հեղափոխությունը տեղի է ունեցել, քաղաքական ուժերն անորոշ վիճակում են եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Նրա խոսքով, այնուամենայնիվ, այս ընտրարշավի ընթացքում այդ նույն մարդիկ կրկին աշխատում էին վերակենդանացնել Հանրապետականի մեռյալ ընտրակեղծարարական համակարգը: «Տեսանք, որ այդ մարդիկ բեմերից հեղափոխության անունն են տալիս, հետո գնում, բակերում սկսում հանրապետական ընտրակեղծարարների հետ բանակցել: Ասացինք, որ այսպես այլևս շարունակել չի կարելի: Սևից և սպիտակից դժգոհողները պետք է մտածեն, որ իրենք են իրենց քայլերով մի կողմ դրել իրենց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ընտրակաշառքի մեռյալ համակարգը վերակենդանացնելու բոլոր փորձերը ձախողված են: «Երբ քաղաքական պրոցեսին մասնակցող ուժերը հասկացան դա՝ սկսեցին ընտրարշավ անել, հասկացան, որ պետք է խոսեն ոչ թե հանրապետականների, այլ ժողովրդի հետ: Ուրախ ենք, որ սևի և սպիտակի բանաձևով բոլորին ստիպեցինք ուղիղ խոսել ժողովրդի հետ, ոչ թե ժողովրդին կանչել ընտրական շտաբների դիմաց հերթ կանգնելու, այլ գնալ նրա հետ խոսելու, որովհետև հասկացել են, որ միայն նա է որոշելու ընտրությունների արդյունքները»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Դիմելով ժողովրդին՝ վարչապետն ասաց, որ նրա տված ոչ մի քվեն չի կորչելու:
«Խորհրդարանական այն ուժերը, որոնք սկսել են «ձև բռնել», ասել՝ իբր ինձ չեն աջակցի, ասեմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը ես չեմ կայացրել, ժողովուրդն է կայացրել։ Ով այս որոշմանը դեմ գնաց, կնքում է իր քաղաքական մահկանացուն Հայաստանում։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ասում են՝ կարող է դեմ քվեարկենք խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, պետք է ընդհանրապես ձայն չստանան այս ընտրությունների ժամանակ, որովհետև նրանք դեմ են ժողովրդին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա ժողովուրդն է որոշելու։
Source: Yerkir Media
Link: «Ով այս որոշմանը դեմ գնաց, կնքում է իր քաղաքական մահկանացուն Հայաստանում»․ վարչապետ