Hayzinvor.am- Հարավարեւելյան ուղղություն: Ապրիլի երկուսի առավոտ: Հակառակորդի ՄԻ-24G ուղղաթիռը գրոհում է հենակետը: Նարեկ Մալխասյանը հակատանկային նռնականետով խոցում է մոտ 30 մետր բարձրության վրա հայտնված օդային թիրախը` հողին հավասարեցնելով հակառակորդի հավակնությունները: Այդ դրվագը դիրքապահ տղաների կյանքը, ծառայությունը բաժանել է «առաջ»-ի եւ «հետո»-ի: Փոխվել է նաեւ հենակետի անվանումը. այժմ առաջնագծում այն հայտնի է որպես «Ուղղաթիռի դիրք»:
«Մեր հենակետում ապրիլյան պատերազմը մեկօրյա էր»:
Հեռվից նկատում ենք խոցված ուղղաթիռի` երկինք ցցված մետաղական երկու անզոր կտորները: Արդեն դիրքում պարզ է դառնում` ուղղաթիռն ամենուր է: Աջ, թե ձախ` որտեղ էլ կանգնես, այն տեսադաշտումդ է եւ քո կամքից անկախ ցցվում է աչքիդ առաջ: Տղաները սովոր են, մենք` ոչ:
Այս հենակետի բոլոր զինվորներն էլ ծառայության զգալի փորձ ունեն, բայց, թվում է՝ մոռացել են այդ մասին եւ պատմում են միայն տեղի ունեցածից: Նրանք նոր իրականությունում են հայտնվել, որ կառուցվել է իրենց դիրքում ընկած թշնամական ուղղաթիռի շուրջ: Այսօրինակ ուղղաթիռի մեկ միավորի շուկայական գինը մի քանի միլիոն ԱՄՆ դոլար է: Սակայն, նայելով այդ տեխնիկայի ջարդոններին, այժմ դրան դժվար է հավատալ: «Իսկ մենք այն տեսել ենք օդում` որպես վտանգ մեր գլխավերեւում կախված»,-ասում է գնդացրորդ Համլետ Սարգսյանը` նայելով հեռվում գոյացած մոխրի մեծ կույտին: Նա պատմում է, որ ուղղաթիռը նախ իրենց դիրքն է գրոհել. «Գետնատնակում էինք: Դիտորդը ձայն լսեց ու կանչեց: Հասանք դիրք այն պահին, երբ ուղղաթիռն արդեն մեր տարածքում էր: Մեզ չկորցրինք, ով ոնց կարողացավ՝ դիրքավորվեց: Ես իմ գնդացրով խրամատից դուրս եկա, որ խոցելու ավելի հարմար դիրք զբաղեցնեմ: 100 փամփուշտ կրակեցի: Ուղղաթիռի անձնակազմը շփոթված էր: Չէ, ավելի ճիշտ կլինի ասել` խուճապի մեջ: Անգամ չհասցրին հրթիռներ արձակել: Իջա գետնատնակ, որ զենքս լիցքավորեմ, այդ ընթացքում ուղղաթիռը շարժվեց դեպի կողքի դիրքը: Նարեկն էլ խոցեց»: Համլետը ափսոսում է, որ այդ պահը սեփական աչքով չի տեսել:
Դիրքի ավագ, սերժանտ Արամ Մուրադյանը դժվարանում է հարմար բառ գտնել իր զգացածը փոխանցելու համար.
«…Դուք ի՞նչ էիք զգում փոքր ժամանակ, երբ հեքիաթում երեքգլխանի հրեշին սպանում էին, նման զգացողություն էր»:
Անձնակազմի երկու անդամները դեռ ողջ էին, եւ Նարեկը եւս մեկ անգամ գործի դրեց նռնականետը:
«Երկու օր դիակները մեր դիրքում էին: Ես մինչ այդ դժվարանում էի նայել մահացած մարդուն, այս անգամ ինքս ինձ վրա զարմացա` խղճահարություն չզգացի: Ոչ մի խղճահարություն… Բայց մատով էլ չկպանք»,- անկեղծանում է Արամը եւ քայլերն ուղղում դեպի խրամատ, որի հեռավորությունը հակառակորդից 180 մետր է, տեղ-տեղ էլ՝ ավելի քիչ:
Դիրքապահներն այստեղ սպասում էին հակառակորդին: Նրանք վստահ էին` թշնամին հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ կձեռնարկի, կփորձի տարհանել իր զոհված սպաներին:
«Երկու օր չենք քնել, չենք հանգստացել: Սպասում էինք,- հիշում է Արամը:- Չսխալվեցինք: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 4-ի սահմաններում նկատեցինք հատուկջոկատայինների վեց հոգանոց խումբը: Հուժկու կրակ բացեցինք նրանց ուղղությամբ եւ ետ շպրտեցինք ելման դիրքեր»:
Գետնատնակ ենք մտնում և սուրճի սեղանի շուրջ շարունակում ենք մեր զրույցը: Տղաներն ասում են` «Մեր հենակետում ապրիլյան պատերազմը մեկօրյա էր. նրանց ստիպեցինք ետ քաշել գրոհի սպասող 15 տանկերն ու եւս մեկ ուղղաթիռ», «Այդ օրը իսկապես զինվոր դարձանք», «Փոխվեցինք, էլ նույնը չենք», «Հասկացանք` ինչ է ընկերությունը»:
Զրույցը լուռ լսող Անդրանիկն էլ վերջապես խոսում է. «Որոշել եմ` պայմանագրային ծառայության եմ անցնելու»:
«Փաստաթղթերի փրկիչը»
Թռիչքային քարտեզներ, օդաչուի անձնական նոթատետր. օտարերկրյա ռազմական կցորդները, ինչպես նաեւ լրագրողները պաշտպանության նախարարությունում ծանոթանում են ադրբեջանական խոցված ուղղաթիռից առգրավված թռիչքային փաստաթղթերին, որոնք վկայում են` 4-օրյա ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել: Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված ե՛ւ երթուղին, ե՛ւ թիրախները ապացուցում են` անձնակազմի խնդիրն էր հարվածներ հասցնել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա: Թռիչքային քարտեզի համաձայն՝ մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր ցատկահրապարակ: Լյալյա-Իլյագի բարձունքի շրջանում ցանցի միջոցով ցուցադրված է ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:
«Տեսնես՝ ո՞վ է խոցված ուղղաթիռից հանել փաստաթղթերը»,- մտածում էի մինչ առաջնագիծ գալս: Եվ ահա տեղում ծանոթանում եմ «փաստաթղթերի փրկիչի»` կրտսեր սերժանտ Վահան Ստեփանյանի հետ: Պինդ ու ժպտերես զինվոր է: Մինչ ծառայությունը վոլեյբոլ է խաղացել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի պատանիների հավաքականում:
«Գնդակը ձեռքս երկարացնել սովորեցրեց»,- կատակում է: Երբ սկսում է պատմել, դեմքը լարվում է.
«Ուղղաթիռն ընկավ: Վազեցի այդ դիրք. ես հենակետի ավագն եմ: Միանգամից մոտեցա այրվող ուղղաթիռին: Փաստաթղթեր էի փնտրում: Հակառակորդի զոհված զինծառայողի ձեռքի տակ սեւ գույնի, քառակուսաձեւ թղթապանակ նկատեցի: Կրակը մոտենում էր: Անմիջապես դուրս հանեցի: Հակառակորդի հրետանին այդ ընթացքում անընդհատ աշխատում էր: Վազեցի դեպի գետնատնակ, որ գոնե տեղ հասցնեմ թղթապանակը: Արդեն գետնատնակում բացեցի, որպեսզի համոզվեմ` պետքական բան եմ փրկել: Նշումներով քարտեզներ էին, թղթեր, գունավոր մատիտներ…»:
Ուզում եմ հարցնել զինվորին, թե՝ ինչպես գլխի ընկավ, որ ուղղաթիռում նման փաստաթղթեր կլինեն, թե որտեղի՞ց այդչափ ինքնուրույնություն ու հաստատակամություն:
«Հետո նորից գնացի դեպի ուղղաթիռը,- շարունակում է Վահանը: Մտածեցի` գուցե մի բան էլ գտնեմ: Կրակն ուղղաթիռի նախկին տեսքից գրեթե բան չէր թողել: Այն կողաշրջվել էր եւ, ուր որ է, վերջնականապես կմոխրանար: Դուռը քիչ թե շատ անվնաս էր: Ձեռքս խրեցի դռան գրպանը եւ հանեցի անձնական նոթատետրը: Ժամեր անց «ավարը» հանձնեցի դիրք եկած գումարտակի հրամանատարի տեղակալին` կապիտան Մուրադյանին»: Վահանը դեռ չի պարգեւատրվել:
Երբ նրան ասում եմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարծես թե նմանօրինակ արարքի համար զինվորը հերոսի կոչման է արժանացել, ծիծաղում է. «Ինձնից ի՞նչ հերոս…»:
Շարունակությունը՝ այստեղ
Source: Yerkir Media
Link: «Ուղղաթիռի դիրքում պատերազմը մեկօրյա էր». պատմում են զինվորները