Ուորլիքը կմասնակցի Պետերբուրգի եռակողմ հանդիպմանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմասնակցի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա հունիսի 20-ին  Սանկտ Պետերբուրգում:

Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է ինքը` Ջեյմս Ուորլիքը:

Ամերիկացի համանախագահն ասել է, որ իրենք մայիսի 16-ին նախագահների` Վիեննայում կայացած հանդիպման արդյունքների շարունակման հույս ունեն:

«Ես անհամբերությամբ սպասում եմ այդ հանդիպմանը: Մենք հույս ունենք, որ կողմերը հանրագումարի կբերեն միջադեպերի հետաքննության մեխանիզմի իրականացման մասին ԵԱՀԿ կողմից առաջ քաշված պայմանավորվածությունը եւ կվերականգնեն բազմակողմանի խաղաղ համաձայնության գծով բանակցությունները», -նշել է նա:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում  առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, իսկ հետո հանդիպումը կանցնի եռակողմ ձեւաչափով:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991 թ-ին, երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի անցկացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների:

1994 թ-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ զինադադարի մասին ադրբեջանական կողմի խնդրանքով ստորագրված համաձայնագիրը: Ներկայում հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ-ի նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ-ի 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության:


Source: Yerkir Media
Link: Ուորլիքը կմասնակցի Պետերբուրգի եռակողմ հանդիպմանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image