Վահրամաբերդի սելավատարի ամենաաղտոտ հատվածը մաքրելու պարտականությունը Շիրակի մարզպետն իր վրա է վերցրել: Այս հատվածը աղբավայր չի, սակայն բնակիչների համար այս վայրը սովորույթի ուժով աղբանոց է դարձել:
Այս օրերին պաշտոնյաններից մինչեւ դպրոցականներ Հայաստանը մաքրում են բոլոր մարզերում: Ինչ են մի քանի օրվա մեջ արել՝ զեկուցում են տարածքային կառավարման նախարարությունում: Հենց նա է մաքուր հայաստան ծրագրի գլխավոր պատասխանատուն: Մեկ սեղանի շուրջ պետական գրեթե ամբողջ համակարգն է, յուրաքանչյուրն իր մասով այսուհետ պատասխանատու է երկիրը կեղտից մաքրելու աշխատանքի համար:
Ծրագրի նպատակը պարզ է՝ ունենալ մաքուր երկիր, սակայն ինչպե՞ս ամեն օր ձեռքի ծխախոտը գետնին թափող քաղաքացուն այլ բան սովորեցնել՝ արդեն դժվար է: Այստեղ օգնության է գալու օրենքը, կամ ավելի հստակ՝ տուգանքը: Երբ գումար վճարելու համար քաղաքացին ստիպված լինի ձեռքը գրպանը տանել, մի պահ կմտածի ու ձեռքի եղածը գետնին չի թափի: Սա նաեւ մտածելակերպի փոփոխության հարց է: Ուստի ծրագրի պատասխանատուները տեղեկություն են հավաքում թե որտեղ ինչ իրավիճակ է, մի կողմից մաքում, մյուս կողմից էլ՝ փորձում հասկանալ, ինչպես անել, որ այլեւս աղբ չթափվի այն վայրերում, որտեղ արդեն մաքուր է: Ինչպե՞ս երկիրը վերածվեց հսկայական աղբանոցի, տարածքային կառավարման նախարարությունում փաստերով են ցույց տալիս: Մի կողմից թղթային քարտեզներ են կազմել, մյուս կողմից՝ օնլայն համակարգում աղբավայրեր ստեղծել: Աղբավայրեր չկան միայն այն վայրերում, որտեղ պարզապես մարդիկ չկան:
Բնապահպանության նախարությունում «Մաքուր հայաստան» ծրագիրը նախարարը մեկնարկեց: Պարտավորվել են երկրի բոլոր արգելոցները, արգելավայրերն ու ազգային պարկերը մաքրել: Ի պաշտոնե բնության պահապանները ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը մաքրելու են հատուկ պահպանվող տարածքները: Մաքրելու են այնքան, որ զբոսաշրջիկն այլեւս Խոսրովի արգելոցում կամ Դիլիջանի պարկում կանաչ խոտի վրա աղբ չտեսնի:
Գլխավոր շաբաթօրյակը նախանշված է շաբաթ օրը: Բոլոր պաշտոնյաները իրենց օրինակով մաքրելու կոչ կանեն: Սակայն տարիներով աղբանոց դարձած վայրերը մեկ օրում չեն մաքրվի: Սա այն դեպք է, երբ պետությունն ու քաղաքացին երկիրը մաքրելու համար սանիտարի դերը միասին պետք է ստանձնեն:
Source: Yerkir Media
Link: Պաշտոնյաններից մինչեւ դպրոցականներ մաքրում են կեղտոտ տարածքները